Search
Close this search box.

Արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը Հայաստանի Պաշտպանության նախարարություն. Խաչիկ Ասրյան

Հայաստանում սույն թվականի հուլիսի 15-ին մեկնարկած հայ-ամերիկյան համատեղ «Արծիվ գործընկեր-2024» անունը կրող զորավարժությունների ավարտից հետո՝ հուլիսի 21-ին, ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը X-ի իր միկրոբլոգում, ամփոփելով զորավարժությունները, գրել է. «Այս շաբաթ ԱՄՆ-ի և Հայաստանի զինծառայողներն «Արծիվ գործընկեր-2024» ծրագրի շրջանակներում անցկացրեցին զանգվածային անկարգությունների դեմ պայքարի և զենքին ծանթանալու վարժանքներ»:

«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը, ով մշտապես կանգած է Հայոց Ազգային Բանակի կողքին և, հարկ եղած դեպքում, միշտ մասնակցել է Հայոց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, անթույլատրելի և դատապարտելի է համարում Հայոց Ազգային Բանակի, նրա սպաների և զինվորների ներգրավումը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպիսին կարող է համարվել «պայքարը մասսայական անկարգությունների դեմ», առավել ևս՝ դատապարտում է փորձերը՝ հայ զինվորին սովորեցնելը զենք կիրառել սեփական ժողովրդի դեմ, ինչը տեղավորվում է ամերիկացիների կողմից ակնարկվող «զենքին ծանոթանալու» հասկացության տակ:

Հայոց զինվորականն իր զենքն ու իր ուժը միշտ կիրառել և կիրառելու է բացառապես Հայաստանի և Հայ ժողովրդի թշնամիներին զսպելու և այդ թշնամիներին ոչնչացնելու նպատակով:

Կոչ ենք անում Հայաստանի Պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Զինված Ուժերի գլխավոր շտաբին՝ դադարեցնե՛լ ցանկացած տեսակի համագործակցություն ամերիկյան կողմի հետ, որն ուղղված կլինի Հայոց Ազգային Բանակի և հայ զինվորականության բարի համբավի վարկաբեկմանն ու արատավորմանը: Կոչ ենք անում արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը Հայաստանի Պաշտպանության նախարարություն, որի նշանակման մասին պաշտոնապես հայտարարվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում:

Հայաստանի ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակիցը եղել և մնում է բարեկամ Ռուսաստանը, և միայն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման միջոցով է հնարավոր ապահովել Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ Հայաստանի թշնամիներ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ից:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան