«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հերքում է, թե Երևան-Քիշնև թռիչքի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել ինքնաթիռ նստել իրենց պատճառով։ Ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել։
«Այն տեղեկությունները, թե որոշ ուղևորներ մեր պատճառով դուրս են մնացել չվերթից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել էր, որ օդանավի փոփոխությունը տեղի է ունեցել (ավելի փոքր ինքնաթիռ է ժամանել) օպերացիոն անհրաժեշտությամբ պայմանավորված։ Չմեկնած ուղևորներից մեկը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել էր, որ «ինքնաթիռից դուրս մնացած» ուղևորների փոխարեն թռիչքով մեկնել են «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները։
Ակումբը հայտնում է, որ իրենք տոմսերը ձեռք են բերել նախօրոք՝ ընդհանուր հիմունքներով։ Իրենց անձնակազմը բոլորի պես ստիպված է եղել մոտ 4.5 ժամ սպասել, ուշացումով ու փաստացի նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով մեկնել Քիշնև։
Ակումբից խնդրում են չշահարկել իրենց անունը։
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» Քիշնևում Հայաստանը ներկայացնում է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում` հյուրընկալվելով տեղի «Զիմբրուին»:
Հավելենք, որ լրատվամիջոցի հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել էր, որ օդանավի փոփոխությունից հետո համակարգն ավտոմատ կերպով է ուղևորներին տեղաբաշխել տարողունակությամբ ավելի փոքր ինքնաթիռում։ Դա է պատճառը, որ եղել են դեպքեր, երբ նույն ընտանիքի անդամներից մի քանիսը մեկնել են, մյուսները՝ ոչ։