Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության հետ։
«Այսօր երեկոյան Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան գրավելու և օկուպացնելու է Իսրայելն այնպես, ինչպես օկուպացրել է Ղարաբաղն ու Լիբիան: Նրա խոսքով՝ դա լուրջ փորձություն կլինի Թուրքիայի համար, բայց իրենք կհաղթահարեն։ Սա մեջբերում է:
Էրդողանի հերթական բացահայտ ապուշ հայտարարության մեջ հետաքրքիր է ոչ թե այն, որ նա անգամ սեփական ժողովրդին է կատարյալ հիմարների պես վերաբերվում, այլ բոլորովին այլ բան. նա առաջին անգամ բացահայտ խոստովանեց, որ Թուրքիան օկուպացրել է Ղարաբաղը։ Եվ նաև Լիբիան: Բայց ամենահետաքրքիրը Ղարաբաղի մասին է, քանի որ Թուրքիան միշտ հերքել է իր մասնակցությունը 2020 թվականի ղարաբաղյան 44-օրյա պատերազմին, իսկ Ադրբեջանը պնդել է, որ ինքնուրույն է կռվել։ Ինչպես ասում են՝ այն ինչ խելացիի գլխում է, դա Էրդողանի լեզվին է։ Այս ամենը մենք նախկինում էլ գիտեինք, որ հազարավոր թուրք զինվորականներ կռվել են Արցախյան փոքրիկ բանակի դեմ։ Բայց առաջին անգամ Թուրքիան բացահայտ խոստովանեց դա, ընդ որում, ես կասկածում եմ, որ Էրդողանը դա «դուրս է տվել» առանց մտածելու։
Ինչ վերաբերում է Իսրայելին օկուպացնելու Թուրքիայի խոստումներին, ապա ես պարզապես ափսոսում եմ ձեր ժամանակը, որպեսզի անգամ քննարկեմ Էրդողանի հերթական անհեթեթությունը։ Նա արդեն սպառնացել է վերադառնալ սուրբ «թուրքական» Երուսաղեմ, խոստանում էր Հունաստանը վերադարձնել Օսմանյան կայսրության կազմ, սպառնում էր ամբողջ Կիպրոսը վերցնել իրեն, իսկ Սաուդյան Մեքքայի վրա բարձրացնել թուրքական դրոշը և այլն։
Ինձ թվում է, որ Էրդողանից և Ալիևից բացի, տարածաշրջանում ոչ ոք իրեն թույլ չի տալիս այդքան անպատասխանատու և ձախողված հայտարարություններ։ Նա կհարձակվի Իսրայելի վրա և կգրավի այն, և սա նա բացահայտ հայտարարում է ամբողջ աշխարհին: Լու՞րջ։
Միակ բանը, որին Էրդողանը հասավ դրանով, այն է, որ Իսրայելն այժմ ունի ևս մեկ քարտ-բլանշ Գազայում և Լիբանանում գործերն ավարտին հասցնելու համար: Ինրպես նաև ամրապնդեց Իսրայելի դիրքերը (խիստ սասանված Գազայում 40 հազար սպանվածների պատճառով) աշխարհում։
Ինչ վերաբերում է սպառնալիքների իրական իրագործմանը, ապա այստեղ ակնհայտ է, որ Հայաստանի հասցեին Ալիևի սպառնալիքները մի բան են, և սպառնալիքների հետևում ինչ-որ բան կա, բացի դատարկ խոսքերից։ Իրականում նրանք կարող են ինչ-որ բան փորձել անել։
Բայց պատկերացրեք, եթե Ալիևը սպառնար, օրինակ, օկուպացնել Մեծ Բրիտանիան, կամ ասենք Ֆրանսիան։ Համեմատությունն ամենևին էլ վերացական չէ, այլ լիովին արտացոլում է իրականությունը Լոնդոնը կամ Մարսելը գրավելու մոտավորապես հավասար շանսերով, ինչպես Թել Ավիվը գրավելու համար։
Այսօր Իսրայելի և Թուրքիայի միջև ուժերի հարաբերակցությունը հետևյալն է.
Զինվոր, ներառյալ պահեստազորը
— Իսրայել 435 հազար մարդ, Թուրքիա 450 հազար մարդ
Մարտական ինքնաթիռներ
— Իսրայել 612 (հիմնականում նոր), Թուրքիա 880 (հիմնականում հնացած),
Տանկեր
— Իսրայել 2850, Թուրքիա 2600:
Հրետանի
— Իսրայել 800, Թուրքիա 1020
Միջուկային զենք
— Իսրայելը 200-300 մարտագլխիկ, Թուրքիան՝ զրո:
Քարտեզը հուշում է, որ երկրների միջև ընդհանուր սահման չկա։ Ցամաքով Իսրայել հասնելու համար պետք է օկուպացնել Սիրիան և Լիբանանն ամբողջությամբ։ Առայժմ Թուրքիան խրված է պատերազմի մեջ քրդերի և սիրիական բանակի հետ Թուրքիայի և Սիրիայի սահմանային շրջաններում։
Խոստացել էի չվատնել ձեր ժամանակն Էրդողանի անհեթեթությունները մեկնաբանելով, բայց այսպես ստացվեց։ Ներողություն եմ խնդրում»,- գրել է Լապշինը։