Search
Close this search box.

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքը

301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատավում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը:

Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:

Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: