Թուրքիայի հետ սահմանների բացմամբ կխթանվի ՀՀ տնտեսությունն ու մարդկանց ազատ տեղաշարժը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը։ Նրա խոսոքով՝ ևս մեկ անգամ համոզվեց, որ Հայաստանը դժվարին հարևանության մեջ է գտնվում, մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով։ «Մեզ հետ հանդիպմանը նշվեց, որ այս երկրի իշխանությունները ցանկանում են Թուրքիայի հետ վերաբացել սահմանները, որպեսզի լինի մարդկանց ազատ տեղաշարժ և խթանվի տնտեսությունը Հայաստանում։ Մենք ձեր կողքին ենք այս հարցում»,- ասաց Ուիքերը։
Նրա խոսքով՝ վերջնական նպատակն այն է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, անվտանգություն։ «Հիմա ավելի, քան հստակ է, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են խաղաղոթւյան համաձայնագիր տեսնել Հայստանի և Ադրբեջանի միջև, ուզում են այն ամբողջականացվի և ստորագրվի, սահմանազատումն ու սահմանագծումն ավարտվի, ռազմագերիներն ազատ արձակվեն»,- ասաց նա։ Իր հերթին Մերիլենդից սենատոր Բին Կարդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Նա նշեց, որ ԱՄՆ-ն շատ գործիքներ ունի, որոնք կարողանում է օգտագործել աշխարհի տարբեր երկրների հետ հարաբերություններում։ «Չեմ ուզում նախանշել, թե ինչպես կարող ենք այդ խառը գործիքակազմը օգտագործել, բայց ԱՄՆ-ը հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Մենք աշխատում ենք գործադիր և օրենսդիր ճյուղերի հետ, որպեսզի կարողանանք մեր ձայները լսելի դարձնել»,- ասաց նա։ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը հայտարարեց, որ պաշտպանելու են ՀՀ սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։
Նա հորդորել է Ադրբեջանին արագացնել խաղաղության պայմանագրի կնքման հարցը, իսկ Թուրքիային՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորման հարցը։ «Հայաստանի մարդկանցով ես շատ եմ ոգեշնչված, դուք հարյուրավոր տարիներ այսպիսի իրավիճակների բախվել եք և կարողացել հաջողված դուրս գալ այդ իրավիճակներից, և ես կարծում եմ, որ ի վերջո այստեղ՝ Հարավային Կովկասում, կլինի կայունություն, և դա շահավետ լինի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համար»,- ասաց Ուիլսոնը։