Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Երևանը պետք է բարեփոխի հանրապետության սահմանադրությունը, կրկին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպմանը։
Նա ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և նշել Հայաստանի Սահմանադրության փոփոխության և սահմանադրական հիմունքներով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցման կարևորությունը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։
Կողմերը քննարկել են նաև ականազերծման աշխատանքները։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի իբրև թե «ռազմական ագրեսիայի» հետևանքով բազմաթիվ ականներ են մնացել ադրբեջանական տարածքներում, իսկ պայթյունների հետևանքով մոտ 370 զոհ և վիրավոր է եղել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսին առաջարկել էր Ադրբեջանին ստեղծել զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ։ Հունվարին Փաշինյանը Բաքվին առաջարկել էր պայմանագիր կնքել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մասին։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մինչև 2024 թվականի նոյեմբերը, մայիսին ասել է Հայաստանի ղեկավարը։ Ալիևը նաև դրական միտում է նկատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներում։