Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բորելի՝ Արցախի հայերի իրավունքների երաշխավորման հայտարարության մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Եվրամիությանը զերծ մնալ «կանխակալ հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ջանքերը»։ Պաշտոնական Բաքուն այսպես է արձագանքել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ Արցախի հայերի իրավունքների երաշխավորման մասին հայտարարությանը։

Ինչպես հայտնում են ադրբեջանկան լրատվամիջոցները՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «ցավոք, այս պատասխանը ԵՄ բարձր ներկայացուցչի հերթական փորձն է՝ հանգստացնել հայերին, ինչպես նաև առաջ քաշել այնպիսի պնդումներ, որոնք չունեն ո՛չ բարոյական, ո՛չ փաստացի հիմնավորում»։

«Մերժում ենք այս կեղծ ու սադրիչ հայտարարությունները։ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո, որպես մարդասիրական ժեստ և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների կատարում, ազատ է արձակել և հայրենադարձել ռազմագերու կարգավիճակ ունեցող կամ ձերբակալված ավելի քան 200 հայերի»,- ասել է Հաջիզադեն և հայտարարել է, թե Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ, իբր, «վարվել են 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների պահանջներին համապատասխան և չեն ենթարկել խոշտանգումների, չարաշահումների կամ անմարդկային վերաբերմունքի, յուրաքանչյուրը ստացել է բժշկական օգնություն, ԿԽՄԿ-ն պարբերաբար հանդիպումներ է ունեցել այդ անձանց հետ ու կապ հաստատել նրանց ընտանիքների հետ»։

«Ինչ վերաբերում է Հայաստան և այլ երկրներ գաղթած հայերի իրավունքների ապահովման մասին մեկնաբանություններին, հարկ է հիշեցնել, որ չնայած վերաինտեգրման Ադրբեջանի կոչին, ծրագրին և այդ ուղղությամբ արված քայլերին՝ տեղի հայերը որոշեցին լքել մեր երկիրը և չվերադառնալ։ Այս վճռական պահին Ադրբեջանն ակնկալում է, որ ԵՄ-ն զերծ կմնա կանխակալ հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ջանքերը»,- ասել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Բորելը ԵԽ պատգամավորների հարցերին ի պատասխան՝ նշել էր, որ Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը: