Search
Close this search box.

Ադրբեջանը ռիսկի է գնում, երբ 15 անձանց գործերն ուղարկում է դատարան․ Արա Ղազարյան

Նրանք գերիներ չեն, ռազմագերիներ չեն, նրանք քաղաքացիներ են, որ գտնվում են կալանքի տակ, որոնց դեմ հարուցվել է քրեական գործ։ Դա Ադրբեջանի թեզն է, որ մենք առաջ ենք տանում։ Այս մասին ասաց Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ։

Նա ուշադրություն հրավիրեց նաև «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն» բառակապակցության վրա, ասաց՝ դրա գործածումը մեր կողմից սխալ է, քանի որ դանով Ադրբեջանն առաջ է տանում այն նարատիվը, որ ըստ էության քաղաքական ղեկավարությունը ռազմատենչ քաղաքականություն է վարել։

«Սխալ է։ Մենք պետք է ասենք գլխավոր շտաբի ու երկրի առաջնորդների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որը դեռ դատարան պետք է մտնի։ Դատարանում նրանք լուրջ քննություն պետք է հանձնեն, քանի որ նրանք արդեն մոռացել են, թե ինչ է նշանակում արդար դատաքննությունը։ Մենք պետք է տեսնենք, որ փաստաբանները նստած են նրանց կողքը, ոչ թե նստած են ապակու հետևում, պետք է տեսնենք, որ կարողանում են հաղորդակցել արտաքին աշխարհի ետ, բայց վստահ եմ , որ այդ ամենը չի լինի, քանի որ եթե այդ ամենը լինի, ապա դատավարությունը վերահսկողությունից դուրս կգա»,-ասաց Ղազարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն էլ ուղարկվել դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։

Ղազարյանի խոսքով՝ Ադրբեջանը ռիսկի է գնում, երբ նման քայլի է գնում, բայց ուզի-չուզի, այդ դատավարությունը պետք է իրականացնի։

«Այդ մարդկանց արդար դատաքննության ապահովումը լինելու է Ադրբեջանի հերթական ձախողումը»,-ասաց Ղազարյանը։

Քննարկման մյուս մասնակից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը չհամաձայնեց Ղազարյանի՝ տերմինների վերաբերյալ դիտարկմանը, նշեց, այդ մարդիկ Ադրբեջանում են հայտնվել կոնֆլիկիտի հետևանքով։

«Ցանկացած անձ, որ ազատությունից զրկվում է կոնֆլիկտով պայմանավորված, մասնակցել է ռազմական գործողություններին, պետք է ունենա ռազմագերու կարգավիճակ։ Բաքվում գտնվող անձանց մի մասը ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած անձինք են եղել, պետք է օգտվեն ռազմագերու կարգավիճակից»,-ասաց փորձագետը։

Նա ուշադրություն հրավիրեց փաստին, որ հայտնի չէ, թե ինչ մեղադրանք է առաջադրել Ադրբեջանը յոթ անձանց։

«Մենք փաստահավաք առաքելություն ենք իրականացրել գործընկերների հետ, կարողացել ենք հաստատել այդ անձանց ինքնությունը։ Նրանց մի մասը ռազմական գործողությունների ընթացքում կամ անմիջապես հետո են ազատությունից զրկվել, նրանցից մեկը մեծահասակ է, որը ազատությունից զրկվել է սեպտեմբերի 19-ին կամ հաջորդող օրերին։ Նա էլ 16-րդն է, առանձին գործով է անցնում։ Մենք ունենք մեծաասակ երեք անձ, որոնց մեղադրում են 90-ականներին լրջագույն ռազմական հանցագործություններ կատարելու համար»,-ասաց նա։

Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ Բաքվի բանտերում գտնվող անձանցինք չունեն փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորություն, օգտվել են հանրային պաշտպանի գրասենյակից, որը, միջազգային կառույցների գնահատմամբ, անարդյունավետ է։