ՀՀ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով հանրային քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 3-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բողոքի ակցիայի 5 մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Հունիսի 4-ին դատարանի որոշմամբ կալանավորվել էր Գնել Պետրոսյանը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ երեկ Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտնել էր, որ ձերբակալվել են Ժորա Ավետիսյանը, Մեսրոպ Եսայանը և Գագիկ Համբարձումյանը։
ՔԿ-ն հիշեցնում է, որ ակցիայի ընդհանուր 5 մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Ըստ հաղորդագրության՝ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում նրանք, այլ անձանց հետ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, անտեսել ոստիկանության ծառայողների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ոստիկանների ուղղությամբ և այլն։
Հավելենք, որ դատարանի որոշմամբ տնային կալանք է կիրառվել Մեսրոպ Եսայանի նկատմամբ, որի երրորդ երեխան լույս աշխարհ է եկել երեկ` հունիսի 4-ի առավոտյան։
Մինչ այս պահը հայտնի չէ, թե ով է 5-րդ անձը, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել