Search
Close this search box.

«Ո՛ւր էլ լինեմ, ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա». Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է

2004-ի հուլիսին անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ներկայացուցիչները նախագահի աշխատակազմին վերադարձրին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով Կապուտիկյանը պարգևատրվել էր 1998 թվականին. «Դա իմ հոգու ճարահատ ճիչն էր ընդդեմ անարդարությունների»,- ասել էր նա:

Պետական բարձր պարգևից հրաժարվելու մասին Կապուտիկյանը հայտարարել էր դեռևս ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահներն աննախադեպ դաժանությամբ ցրել էին ընդդիմադիրների խաղաղ ցույցը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում:

Արձագանքելով՝ Ռ. Քոչարյանն ասել էր. «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ, ավելի կոշտ պատասխան կտայի»:

Այսօր՝ բանաստեղծուհու ծննդյան օրը, համացանցում տարածվում է Սիլվա Կապուտիկյանի «Ապստամբություն» բանաստեղծությունը:

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար,
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում,
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար,
Առաջնորդներ չնչին ու կեսկատար,
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:

Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված,
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք,
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
Արյուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ,
Հանուն պատվի, պարտքի եկավ հրապարակ,
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն,
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան,
Կախաղանի սյունից կախված անկախություն,
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:

Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ,
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք,
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ,
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի հասա,
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում,
Իսկ թե – անեծք վերին – մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…