Search
Close this search box.

Ձերբակալվել են կատալոնացի երկու առաջնորդներ

Իսպանիայի դատախազությունը մեղադրել է Կատալոնիայի «Օմնիմում» անջատողական շարժման առաջնորդ Ջորդի Կույշարտին և Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Ջորդի Սանչեսին՝ անցած ամիս անկախության կողմնակիցների քայլերթի ժամանակ ոստիկանության դեմ բռնություն հրահրելու մեջ:

Անջատողական շարժման առաջնորդների կալանավորումը բողոքի ալիք բարձրացրեց ինչպես Բարսելոնայում, այնպես էլ Բրյուսելում: Բարսելոնայում երկուշաբթի գիշերը ցուցարաներն իրենց բողոքն էին արտահայտում ընդդեմ գործիչների կալանավորմանը:

«Կարծում եմ, որ սա Իսպանիայի կողմից Կատալոնիայի նկատմամբ պետական բռնության օրինակ է: Կատալոնիայի նախագահը դիմել է երկխոսության խնդրանքով, և Իսպանիայի կառավարության առաջին արձագանքը երկու հասարակական գործիչների ձերբակալումն էր: Կարծում եմ՝ դա չափազանց կոշտ արձագանք էր 21-րդ դարի ժողովրդավար երկրի համար: Արդյունքում ունենք երկու քաղաքական բանտարկյալ»,- նշում է ցուցարար Դենի Պաջուելոն:

Բողոքի ցույց էր կազմակերպվել նաև Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում, որն անցավ Եվրախորհրդարանի շենքի առջև: Այստեղ էին եկել մոտ 50 բողոքարարներ, որոնց թվում էին նաև Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ: Նրանք ևս բողոքում էին ընդդեմ կատալոնացի առաջնորդների ձերբակալմանը:

«Սա սեփական մտքի արտահայտման ազատության խնդիր է, և նրանք այժմ բանտում են ազատ մտքի արտահայտման համար: Սա անընդունելի է Եվրամիության համար, սակայն միությունը, ցավոք, չի արձագանքում: Եթե նման բան պատահեր Բոլիվիայում կամ Վենեսուելայում, անպայման կարձագանքեր»,- ասում է Եվրախորհրդարանի պատգամավոր Ջոզե-Մարիա Թերիքաբրասը:

Իսկ այդ ընթացքում Կատալոնիայի նախագահ Կառլոս Պուչդեմոնը Կատալոնիայիա անկախության հռչակման իր հայտարարությունը տեղափոխել է երկուշաբթիից հինգշաբթի: Նա երկխոսության կոչ է արել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռաջոյին:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի կառավարությունը հայտարարել է, որ կատալոնացիների 90 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայից անկախացմանը հոկտեմբերի 1-ի հանրաքվեի ընթացքում: Անկախության հակառակորդները բոյկոտել են հանրաքվեն՝ մասնակիցների թիվը հասցնելով մոտ 43 տոկոսի: