Search
Close this search box.

Միխեիլ Սաակաշվիլին ցանկանում է լինել Ուկրաինայի նախագահ

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ հազար կողմնակիցներ երեքշաբթի օրը բողոքի ցույց էին կազմակերպել Ուկրաինայի խորհրդարանի առջև՝ պահանջելով փոփոխություններ անել ընտրական օրենսգրքում ու խստացնել հակակոռուպցիոն օրենսդրությունը: Ցուցարարները ծածանում էին ընդդիմադիր կուսակցության դրոշներ:

Նրանք օրենսդիրներից պահանջում են վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը, ստեղծել հակակոռուպցիոն դատարան և վերանայել ընտրական համակարգը:

«Մենք չենք կարող հանգիստ նստել ու նայել, թե ինչպես է կործանվում Ուկրաինան: Չենք կարող միայն Facebook-ում գրառումներ անել: Մենք պետք է ոտքի ելնենք և առնվազն շաբաթը մեկ անգամ գանք այստեղ և պահանջենք: Միասի~ն դեպի հաղթանակ»,- հայտարարել է անկախ պատգամավոր Վիկտոր Չումակը:

Միխեիլ Սաակաշվիլին ցանկանում է մասնակցել հաջորդ ընտրություններին ընդդեմ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի: Նա մեղադրում է Պորոշենկոյին 2014 թվականի Մայդանի օրերին տված՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ու բարեփոխումներ իրականացնելու խոստումների դրժման մեջ:

Ցույցի պատճառով իրավապահ մարմինները փակել էին դեպի խորհրդարան և այլ վարչական շենքեր տանող բոլոր ճանապարհները՝ տեղում վերահսկելով իրավիճակը: