Search
Close this search box.

«Եկեղեցում նստած էի, մոտ 30 ոստիկան մտան եկեղեցի». նոր զարգացումներ Արտյոմ Կանևսկոյի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց քրեական աշխարհում որպես Արտյոմ Կանևսկոյ հայտնի Արտյոմ Հարությունովի գործի դատական քննությունը:

Արտյոմ Հարությունովին մեղադրանք է առաջադրված ապօրինի զենք, զինամթերք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Նրա խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հարությունովն իր կողմից օգտագործվող զրահապատ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է մեկ այլ անձի` Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ պահեստատուփով լիցքավորված, ինչպես նաև՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ ու մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներով:

Թվարկված զենքն ու զինամթերքը հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի՝ հիշյալ ավտոմեքենայի զննությամբ, Հարությունովին բերման ենթարկելու օրը՝ 2019 թվականի հունվարի 12-ին:

Զննությունը կատարվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության բակում, այն սկսվել է ժամը 23:30-ին և ավարտվել է ժամը 00:10-ին: Մեքենայի զննության մասնակից Ա. Հարությունովը հայտարարել է, թե մեքենան հաշվառված է իր ծանոթ Վիտալի Մ.-ի անունով, սակայն պատկանում է իրեն:

Հարությունովը նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել:

Դատարանում Հարությունովը հայտարարել է, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատական այս նիստին դարձյալ դատարան չէր ներկայացել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հովսեփ Սարգսյանի միջնորդությամբ դատարան հրավիրված վկա Արթուր Մ.-ն:

Պաշտպանի միջնորդությամբ որպես լրացուցիչ վկաներ հարցաքննվել են այն վեց անձինք, որոնք 2019 թվականի հունվարի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության իրականացրած՝ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու գործողության շրջանակներում բացի Արտյոմ Հարությունովից բերման էին ենթարկվել:

Պաշտպանը միջնորդել էր դատարան հրավիրել ու հարցաքննել նաև Արտյոմ Հարությունովին բերման ենթարկելու, նրա մեքենան զննության ենթարկելու գործողություններին ներգրավված թարգմանին՝ Արթուր Մ.-ին: Պաշտպանը կասկածներ էր հայտնել թարգմանի վերաբերյալ՝ նշելով, որ նրա ներգրավումը կատարվել է, իր կարծիքով՝ օրենքի խախտումներով: «Մեզ անհայտ եղանակով թարգմանին մտցրել են բակ՝ մենք չենք տեսել՝ նա ոնց է հայտնվել ներսում և ոնց է ստորագրել արձանագրությունները»,- միջնորդություն ներկայացնելիս ասել էր պաշտպանը: Նաև նշել էր, թե հունվարի 12-ին տվյալ թարգմանը լիազորված չէր ու չէր կարող ներգրավվել զննության կատարմանը: Բացի այդ՝ Արտյոմ Հարությունովին չէին պարզաբանվել թարգմանին բացարկ հայտնելու հիմքերը՝ միգուցե տվյալ թարգմանը անձեռնահաս էր…

Արդեն երրորդ դատական նիստ է՝ հիշյալ թարգմանը, ով դատարանի կողմից որպես վկա հրավիրվում է դատարան, չի ներկայանում: Նախկինում նա դատավորի աշխատակազմի հեռախոսազանգերին պատասխանելով՝ հավաստիացրել էր, թե կներկայանա, արդեն ճանապարհին է, սակայն հետո նրա հեռախոսահամարը դարձել էր անհասանելի:

Դատական հաջորդ նիստի վերաբերյալ նույնպես հեռախոսազանգով տեղեկանալով՝ Արթուր Մ.-ն հայտնել էր, թե ինքը Գեղարքունիքի մարզի բնակիչ է, հնարավոր է՝ հանրապետությունից դուրս գա, բայց եթե ծանուցագիր ստանա, կներկայանա: Դատական այդ նիստին էլ նա չներկայացավ:

Դատարանը հարցում էր կատարել թարգմանչական գրասենյակ, որտեղից պատասխանել էին, որ Արթուր Մ.-ն իրենց մոտ աշխատել է 2018 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի հունիս:

Ի պատասխան դատարանի հարցումների՝ ոստիկանությունից տեղեկանք էր ներկայացվել՝ Արթուր Մ.-ի հաշվառման հասցեի վերաբերյալ:

Նախորդ նիստում դատարանը որոշել էր վկային բերման ենթարկել, ինչպես նաև հարցում կատարել՝ նրա կողմից ՀՀ պետական սահմանի հատումների վերաբերյալ:

Դատական այս նիստին նախագահողը հրապարակեց ոստիկանության համապատասխան ծառայությունից ստացված զեկուցագիրը, համաձայն որի՝ վկային հնարավոր չի եղել բերման ենթարկել՝ նշված հասցեում նրա բացակայության պատճառով: Վկայի հայրն ասել էր, թե որդու գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:

Սևանի ոստիկանությունից ստացվել էր մեկ տեղեկանք, մեկ արձանագրություն, համաձայն որոնց՝ ոստիկանները պարբերաբար այցելել էին վկայի հաշվառման հասցե, բայց նրան բերման ենթարկել չէր հաջողվել, տեղեկություն էր ստացվել, որ նա ութ տարի տվյալ հասցեում չի բնակվում, միայն հաշվառված է:

Դատարանի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից տեղեկանք էր ստացվել, որ վկան գտնվում է ՀՀ-ում, նա պետական սահմանը չի հատել ու երկրից դուրս չի եկել:

Դատարանը այս վկայի վերաբերյալ նորից բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտարարեց, որ պաշտպանները պնդում են դատարանում վկային հարցաքննելու իրենց միջնորդությունը: Պաշտպանը նշեց՝ վկայի վարքագիծը՝ դատարան ներկայանալուց խուսափելը, պաշտպանական կողմի համար ընկալելի է: Վկան գիտի՝ պաշտպաններն ինչ հարցեր են ուղղելու իրեն, և նա, ըստ պաշտպանի, խուսափում է ներկայանալուց: Պաշտպանը հայտարարեց՝ իրենք հետևողական են լինելու, որ «այդպիսի անձինք իրենց թույլ չտան կողմ կանգնել մարդու իրավունքների խախտմանը»:

Նախագահողն արձանագրեց, որ առկա չէ տեղեկություն, թե ներկա նիստին ներկայանալուց վկան խուսափել է, ոստիկանությունը նրան չի կարողացել բերման ենթարկել:

Պաշտպանները հիշեցրին, որ նախորդ նիստերից առաջ վկան հեռախոսազրույց էր ունենում դատարանի աշխատակազմի հետ, խոստանում էր ներկայանալ, բայց չէր ներկայանում, նրա հեռախոսն էլ դառնում էր անհասանելի:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ հիշյալ վկան ներկայումս էլ աշխատում է, նա մասնակցում է նախաքննական փուլում գտնվող գործերի քննությանը, ինքը նրան հանդիպել է քննչական տարբեր ստորաբաժիններում, բայց վկան խուսափում է իր հետ դեմ առ դեմ հանդիպումից:

Նախագահողը հիշեցրեց, որ տվյալ վկան դատարան է հրավիրվել պաշտպանների միջնորդությամբ, նա «պաշտպանական կողմի վկան է», պաշտպանները կարող են նրան հանդիպելու և դատարան ներկայանալու վերաբերյալ տեղեկացնելու գործուն քայլեր կատարել:

Նախորդ նիստում դատարանը բավարարել էր նաև մեղադրող դատախազ Հ. Խաչատրյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել ու լրացուցիչ հարցաքննել արդեն հարցաքննված վկա Մյասնիկ Մատինյանին, ում անվամբ հաշվառված է եղել Հարությունովի վարած մեքենայում հայտնաբերված զենքը:

Վկան զինծառայող է: Դատարանում նա մեկ անգամ արդեն հարցաքննվել է, հարցաքննության վերջում էլ ընդգծել է Հարությունովի մասին. «Էս մարդուն բռնել են հավայի, իմ անփութության պատճառով»:

Ըստ դատախազի՝ այս վկային լրացուցիչ հարցաքննելու անհրաժեշտություն կա՝ նոր հարցեր են ծագել՝ լրացուցիչ վկաների հարցաքննություններից հետո:

Վկան դատարանին տեղեկացրել էր, որ ծառայության բերումով այս նիստին ներկայանալ չի կարող, բայց կներկայանա հաջորդ նիստին: Մեղադրողը պնդեց, որ ցանկանում է հարցաքննել վկային: Դատարանը հաջորդ նիստին կհրավիրի նաև այս վկային:

Արտյոմ Կանևսկոյի հետ կապված՝ տարեսկզբին նոր զարգացումներ են եղել: ՀՀ ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։

Այդ հեղինակությունը եղել էր Արտյոմ Կանևսկոյը, նրան ուղեկցող անձինք՝ նրա շրջապատի տղերքը:

Այս միջադեպի վերաբերյալ պատասխանելով լրագրողների հարցերին, դատական նիստից հետո Արտյոմ Հարությունովն ասաց, թե իրեն բերման են ենթարկել Սուրբ Հովհաննես եկեղեցու ոչ թե բակից, այլ՝ ներսից: Ինքը եկեղեցու ներսում նստած էր մենակ: Հունվարի վեցն էր՝ Սուրբ Ծնունդ: Հանկարծ եկեղեցի են մտել ոստիկանության մոտ 30 աշխատողներ՝ առանց դիմակների: Իրեն բերման են ենթարկել՝ չպարզաբանելով, թե ինչու են բերման ենթարկում: Հետագայում իր պաշտպաններին պարզաբանել են, որ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելուն ուղղված գործողություն է կատարվել: Ըստ Արտյոմ Հարությունովի՝ իր մոտ ոչինչ չի հայտնաբերվել… ինչպես միշտ… Արտյոմ Հարությունովն ասաց, թե վերջին երկու տարում իրեն մոտ քսան անգամ բերման են ենթարկել ոստիկանություն, բայց եկեղեցուց բերման ենթարկելը աննախադեպ էր, «շոու», ինչը վրդովմունք է առաջացրել նաև եկեղեցում գտնվող հավատացյալների ու հոգևորականների շրջանում: