Search
Close this search box.

Վերջին կաթիլը. Հայաստանում բողոքի ալիք կարող է սկսել

Պետք չէ մոռանալ 2015 թ. նախադեպի մասին, երբ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով ձևավորվեց «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որը շատ կարճ ժամանակահատվածում գեներացրեց սոցիալական դժգոհության հսկայական ալիք՝ ռիսկեր ստեղծելով նաև քաղաքական կայունության համար։ Կարծում եմ, գազի սակագնի բարձրացման դեպքում դրան համարժեք իրավիճակ կստեղծվի, սակայն այս անգամ՝ արդեն շատ ավելի լուրջ հետևանքներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էներգետիկ անվտանգության հարցերով մասնագետ Վահե Դավթյանը:

Երեկ ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը Lragir.am-ի հետ զրույցում չի բացառել, որ Գազպրոմ-Արմենիան սակագնի բարձրացման հայտ կներկայացնի: Նա նշել է, որ 2020 թվականին գնի չփոփոխվելը վերաբերում է բացառապես սահմանի գնին, իսկ սպառողների համար սակագնի մասով սահմանափակումներ չկան:

Գազպրոմ Արմենիան այսօր հաստատել է, որ կարող է հայտ ներկայացնել ՀԾԿՀ:

Հայ սպառողներն առանց այդ էլ չափազանց թանկ են վճարում ռուսական գազի համար, եւ հերթական բարձրացումն իրոք կարող է կրիտիկական դառնալ: Էլեկտրիկ Երեւանից հետո ռուսական Ինտեր ՌԱՕ-ն ստիպված էր ՀԷՑ-ը վաճառել Սամվել Կարապետյանի ընկերությանը: Վահե Դավթյանը նկատի ունի՞, որ գազի գնի բարձրացումը կարող է հանգեցնել Հայաստանում Գազպրոմի մենաշնորհի ավարտին:

2013 թ. դեկտեմբերին Վլադիմիր Պուտինը վերընտրվելուց ամիսներ անց ժամանեց Հայաստան, լուսանկարվեց Գյումրիում ռուսական հրթիռների ֆոնին, հայտարարեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից եւ Հայաստանին հարկադրեց Գազպրոմի հետ ստրկական պայմանագիր ստորագրել: Այդ պայմանագիրը միայն պարտավորություններ է պարունակում Հայաստանի համար, այդ թվում՝ գնվող գազի ծավալների, Գազպրոմի մենաշնորհի եւ պայմանագրի 49 տարվա ժամկետի մասին:

Այն ժամանակվա պաշտոնյաների դեմքի արտահայտությունից կարելի էր դատել, որ նրանք հասկանում են, թե ինչ լուծ է պատրաստվում Հայաստանի համար: Բայց կամ համարձակություն չեն ունեցել դիմակայել Պուտինին, կամ էլ իրենց էլ է բաժին հասել գազպրոմյան սեղանից, ու Հայաստանը ստորագրել է պայմանագիրը:

2018 թվականից սկսած Հայաստանում նոր իշխանություն է, եւ այն առայժմ չի հայտարարել ռուսական պետական ընկերությունների հետ ստրկական պայմանագրերը վերանայելու մասին: Գազպրոմի՝ գազի գինը բարձրացնելու մտադրությունը կարող է վերջին կաթիլը դառնալ Հայաստանի համբերության բաժակում:

Նյութի աղբյուր՝ lragir.am