Search
Close this search box.

Մարտական հերթապահություն կատարող ոստիկանների գույքահարկի արտոնության հարցի քննարկումը հետաձգվել է

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հիմնական զեկուցողի համաձայնությամբ հետաձգվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագծի քննարկումը, որով առաջարկվում է գույքահարկի արտոնություններ տրամադրել առաջնագծում մարտական հերթապահություն կատարող ոստիկանական զորքերի ծառայողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը:

«Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածները կարգավորում են անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնությունները: Կարևորելով զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովումը՝ առաջարկում ենք նույնատեսակ արտոնություններ տրամադրել նաև ոստիկանական զորքերի այն ծառայողներին, որոնք սահմանված կարգով և ժամկետներում մեկնում են առաջնագիծ մարտական հերթապահության»,-ասաց Մինասյանն ու նշեց՝ հաշվառման համար հիմք է ընդունվել տարեկան կտրվածքով ոստիկանության զորքերի յուրաքանչյուր գումարտակի կողմից առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելու օրերի թիվը և զորքի քանակը, որոնք հրապարակման ենթակա չեն: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց՝ առաջարկող կարգավորմամբ չի պահպանվում արտոնության տրամադրման տրամաբանությունը: «Նախագծի հիմքում դրված չեն արդարության և հավասարությամբ սկզբունքները:

Եթե առաջարկվում է, որ ուժային կառույցների միայն մի հատվածը ներկայացնող անձինք օգտվեն այս հնարավորությունից, օբյեկտիվորեն կարող է հարց առաջանալ, թե ինչու մյուսները չեն կարող օգտվել, իսկ եթե մյուսներն էլ օգտվեն, ապա մենք առհասարակ հեռանում ենք մեր թիրախից»,-ասաց նա ու ներկայացրեց ևս մի քանի մտահոգություններ:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց՝ չեն ուզում միանշանակ բացասական եզրակացություն տալ, սակայն ոչ էլ դրական եզրակացություն տալու համար հիմք ունեն՝ հաշվի առնելով ռիսկերը: Նա առաջարկեց որոշ ժամանակով հետաձգել հարցի քննարկումը, քննարկել աշխատանքային խմբի ձևաչափով: Հարցի հիմնական զեկուցողը համաձայնություն տվեց: