Search
Close this search box.

Հրապարակվել են հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանի սպանության մանրամասները

Դիզայներ Նարիման Գրիգորյանի մարմինը, սպանության հետքերով, հայտնաբերվել է դիզայների տանը, որտեղ նա բնակվել է վարձով, հաղորդում է gazeta.uz–ն` նշելով, որ հարուցվել է քրեական գործ կանխամտածված սպանության հատկանիշներով։

Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը ներկայացրել է Տաշքենդում Գրիգորյանի սպանության մանրամասները։

Ինչպես հաղորդում է պարբերականը, հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը, միջադեպի մասին ահազանը ստացվել է հունվարի 14–ին ժամը 11։50։

Գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն, 1985թ.–ին ծնված Նարիման Գրիգորյանի մարմինը հայտնաբերվել է Տաշքենդի Յաշնաբադի շրջանի Չիգիլ փողոցում գտնվող տան հյուրասենյակում, որտեղ նա բնակվել է վարձակալության հիմունքներով։

Հարուցված քրեական գործը փոխանցվել է Տաշքենդի քաղաքային դատախազություն, ստեղծվել է օպերատիվ խումբ, ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Նարիման Գրիգորյանը հայտնի դիզայներ է, պարուսույց, «Տոդես» պարային համույթի առաջին կազմի նախկին մասնակից, մասնակցել է միջազգային ցուցադրությունների, մրցույթների և փառատոների։ 2004–2008թթ.–ին սովորել է Ուզբեկստանի խորեոգրաֆիայի ակադեմիայում։ Նարիմանը Տաշքենդում հիմնել է Nariman Grigoryan ապրանքանիշի նորաձևության տներ։