Search
Close this search box.

Արտակարգ դեպք Վանաձորում. փորձել են խլել ոստիկանների զենքը, հնչել են կրակոցներ

Երեկ՝ հունվարի 10-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի «Հայքի» հրապարակում ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ծառայողները՝ Մարատ Սահակյանն ու Գարիկ Հակոբյանը, նկատել են, որ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը և գետնին ընկած մի քաղաքացու ծեծում են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտենում են նրանց և պահանջում դադարեցնել խուլիգանական գործողությունները, սակայն «առյուծ կտրածները» հայհոյելով հարձակվում են ոստիկանության ծառայողների վրա՝ չենթարկվելով նրանց օրինական պահանջներին և ցուցաբերում են դիմադրություն:

Այդ անձանց խուլիգանական գործողությունները դադարեցնելու և մոտակայքում ծառայություն կատարող ոստիկանության իրենց գործընկերներին օգնություն կանչելու նպատակով Մ. Սահակյանը իրեն ամրակցված ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակից երեք անգամ օդ է կրակել: Նրանք փորձել են Մ. Սահակյանից խլել զենքը:

Օպերատիվորեն ժամանած նրանց գործընկերներն ու ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրից ոստիկանության Տարոնի բաժին են բերման ենթարկում Վանաձոր քաղաքի բնակիչներ, 32-ամյա Մհեր Պողոսյանին, 32-ամյա Գուրգեն Պողոսյանին և 28-ամյա Վաչե Ալեքսանյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հայտնաբերել է կրակված 3 պարկուճ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գ. և Մ. Պողոսյանները հարազատ եղբայրներ են: Գ. Պողոսյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի Վանաձորի բանտում, Մ. Պողոսյանն էլ աշխատում է Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցում՝ որպես ուսուցիչ: