Search
Close this search box.

Փոխվարչապետը ահռելի ունեցվածք ունի

ArmDaily.am-ը «հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ունեցվածքը։

Ով է Մհեր Գրիգորյանը
Մհեր Գրիգորյանը ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին, Աշտարակում։1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

1991 թ.-ից 1994 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում: 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց: 1994 թ.-ից 1996 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան, այնուհետև՝ ավագ իրավաբան-խորհրդատու, իսկ 1997-1999 թվականներին զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը:

1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ)՝ զբաղեցնելով իրավաբանական ծառայության ղեկավարի, գործառնական տնօրենի պաշտոններ: 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում: 2005 թվականին նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն և պաշտոնավարել է մինչև 2007 թվականը: 2007 թ.-ից մինչև 2011 թվականը զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թվականին նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել է մինչև 2018 թվականի մայիսի 12-ը:

2006 թ.-ից 2018 թվականը եղել է «ACRA Credit Reporting» ՓԲԸ խորհրդում՝ խորհրդի անդամի կարգավիճակով: 2012 թ.-ից մինչև 2018 թվականը զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնը]: Հայաստանի Հանրապետության նախագահի` 2018 թվականի մայիսի 12-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Դասախոսում է Հայ-ռուսական համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտում: ՀՀ Զինված ուժերի պահեստազորի սպա է:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ դուստր և որդի:

Ունեցվածքը
Մհեր Գրիգորյանը փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ որպես անշարժ գույք հայտարարագրել է 1 բնակարան, 2 ավտոտնակ և մեկ հողամաս։
Նա նաև ունի 5023.00 դրամ արժողության բաժնեմաս։ Նրա դրամական միջոցները կազմել են 77,016,000.00դրամ, իսկ եկամուտները 28,023,485.20 դրամ, որը գոյացել է աշխատավարձից։

2018 թվականի տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցներն աճել են՝ 82,474,835.90 դրամ, ահռելի աճել են նաև եկամուտները՝ 96,398,513.50 դրամ։
Նրա կնոջ՝ Աննա Գրիգորյանի անունով կա 300 հազար դոլար փոխառություն։ Նրա դրամական միջոցները կազմել են 800,907.80 դրամ, իսկ եկամուտները՝ 7,622.77 դոլար։