Search
Close this search box.

ՊԵԿ-ը խոչընդոտում է նորաստեղծ բիզնեսին. հեղափոխությունից հետո բացված ընկերությունը 6 ամիս անց փակվեց

Փոքր ու միջին բիզնեսին աջակցելու պատրաստակամության մասին կառավարության հավաստիացումները հօդս են ցնդում, երբ կոնկրետ օրինակով ակնհայտ է դառնում, թե ինչպես է կառավարությունը աջակցելու փոխարեն խոչընդոտ հանդիսանում նորաստեղծ բիզնեսին։

Տնտեսվարող Վազգեն Համբարձումյանը հեղափոխությունից հետո, հավատալով որ երկրում իրավիճակ է փոխվել, որ բիզնես սկսելու համար այլևս խոչընդոտներ չկան, հիմնում է ԱՁ և սկսում զբաղվել թորման սարքերի և ծխախցիկների ներկրմամբ և վաճառով։ 6 ամիս անց՝ այսօր արդեն Համբարձումյանը պատրաստվում է փակել իր ԱՁ-ն ու տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։

Ինչպես նշեցինք, Համբարձումյանը զբաղվել է Ռուսաստանի Դաշնությունից թորման սարքերի ու ծխախցիկների ներկրմամբ ու վաճառքով։ Առաջին հայացքից բավական շահեկան բիզնես է եղել, քանի որ հատկապես թորման սարքերը Հայաստանում շատ լավ վաճառվել են, սակայն վերջին ամիսներին Համբարձումյանը, լինելով բարեխիղճ տնտեսվարող, հայտնվել է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում։ Բանն այն է, որ Համբարձումյանն այդ ապրանքները Հայաստան է ներմուծել ավելի մատչելի գնով, քան շուկայում է։ Իսկ դա նրան հաջողվել է այն պատճառով, որ ՌԴ-ում այն գործարանը, որտեղից ներմուծվել է, պատկանում է իրենց։ Իսկ հարկայինն ասում է՝ իրեն չի հետաքրքրում, հարկերը պետք է վճարվեն շուկայական գնին համապատասխան։ «Ես ցեխից գնում եմ ավելի էժան, դրա համար է ինքնարժեքը քիչ ստացվում շուկայականի համեմատ։

Օրինակ` թորման սարքը ՌԴ-ում արժի 27 հազար ռուբլի, ես այն գնում եմ 80 տոկոս զեղչված, քանի որ, ինչպես ասացի, գործարանը մեզ է պատկանում։ Հետևաբար, ես հարկայինում մուծում եմ իմ գնածի 20 տոկոսը, այսինքն՝ զեղչված գնի 20 տոկոսը։ Հիմա ինձ ՊԵԿ-ից ասում են, որ իրենց հետաքրքիր չի, որ ես էժանով եմ առնում, շուկայական գին գոյություն ունի, և ես շուկայական գնի 20 տոկոսը պետք է հարկ վճարեմ։ Այսինքն՝ ստացվում է, որ ես կարող եմ ապրանքը 80 տոկոս զեղչված գնել, բայց մեր հարկայինին պետք է 27 հազար ռուբլու 20 տոկոսը տամ։ Էլ իմ օգուտը ո՞րն է»,- վրդովված ասում է Համբարձումյանը՝ հավելելով. «Ամեն դեպքում ես էլի խնդիր չունեմ։ Եթե օրենքը այդպես է պահանջում, կարգն այդպիսին է, թող լինի, բայց հարկայինում պարտավոր էին ինձ հենց սկզբից դա ասել։ Ոչ թե թողնեին, որ ես ամիսներ շարունակ էժան գնով ապրանքը բերեի, վաճառեի, ոգևորվեի, որ նորաստեղծ բիզնեսս ոտքի է կանգնում, ու մեկ էլ հանկարծ հարկայինը որոշեր, որ ես հարկային պարտավորություններ ունեմ։

Եթե ինձ նախապես ասեին, որ ես շուկայական գնով պետք է հաշվարկեի, ես իմ անելիքը կիմանայի ու էլ չէի ներկրի ավելի մատչելի գնով, ոչ թե տարվա վերջում ինձ կանչեին ու ասեին, որ առաջին օրվանից ներկրածիս համար պետք ա ավելի գումարները բերեմ վճարեմ։ Բայց իրենք ինձ ոչ մի բան չեն ասել, թողել են, որ աշխատեմ ամիսներ շարունակ ու հիմա կանչել ասում են, որ պետք է վճարեմ։ Սա ավելի շատ միտումնավոր արվածի տպավորություն է թողնում»։

Համբարձումյանն ասաց, որ իմանալով հարկայինի այս նոր կարգի մասին, պատրաստվում է վճարել հարկային բոլոր պարտավորությունները և փակել իր ԱՁ-ն։ «Ես էլի կվճարեմ այդ ավելի գումարը, բայց մենակ վերջին ամսվա համար, երբ հարկայինից ինձ զգուշացրել են։ Ինչու պետք է նախորդ ամիսների համար վճարեմ։ Ստացվում է, որ ես, չհասցնելով մեկ տարի էլ աշխատել, վնասով եմ դուրս գալիս, կոպիտ ասած՝ տակ եմ տալիս, մի բան էլ իմ գրպանից պետք է փող դնեմ, հարկայինի փողերը տամ, որ վարչական տույժի չենթարկվեմ։ Սա՞ է նորաստեղծ բիզնեսի համար լավ պայմանները, եթե հա, ապա ես շնորհակալ եմ, ես չեմ ուզում այլևս դրանով զբաղվել։

Էս ամիսների ընթացքում ես հասկացա, որ Հայաստանում ձեռնտու չէ բիզնեսով զբաղվել, ստեղ մենակ հարկայինի հետ քաշքշուկ է։ Ստեղ չեն ուզում, որ նորաստեղծ փոքր բիզնեսը զարգանա, մի բան էլ ամեն քայլափոխի տալիս են գլխիդ։ Նախ՝ ՀԴՄ սարքերի հետ կապված խնդիրը, հետո մնացած քաշքշուկները։ Դրա համար ես կփակեմ ԱՁ-ս, կգնամ Ռուսաստան և նույն ապրանքը կրկնակի թանկ գնով կվաճառեմ Ռուսաստանում ու հարկերն էլ կվճարեմ Ռուսաստանի բյուջե։ Ես որ հաստատ չեմ տուժի, իսկ թե դրանից ինչ կշահի Հայաստանը, Հայաստանի տնտեսությունը, թող հետևություն անեն հարկայինում և կառավարությունում առհասարակ։ Մեկ էլ փոքր, նորաստեղծ բիզնեսին աջակցելու մասին հեքիաթները պատմելուց առաջ թող էս կոնկրետ օրինակները ուսումնասիրեն։

Չնայած ես վստահ եմ, որ վարչապետը տեղյակ չի հարկայինի էս քաշքշուկներից ու եթե տեղյակ լինի, իրազեկված լինի, նրան զեկուցեն, ապա վստահ եմ, որ ցանկացած խոչընդոտ կվերացվի։ Վարչապետը անձամբ չի կարող էդքան հարց լուծել մենակով, որ հարցն էլ որ իր ուշադրության տակ չի լինում, ստացվում է էն, ինչ իմ դեպքում»,- եզրափակեց Վազգեն Համբարձումյանը։

Նյութի աբյուր 1in.am