Search
Close this search box.

Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:15-ի սահմաններում դեռևս չպարզված վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել միջին տարիքի հետիոտն տղամարդու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Հակոբյանն ու Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը:

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը, տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործոությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կոտրված ավտոմեքենայի հայելու դետալներ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Փաստի առթիվ քննիչ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի րև 244 հովածի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմաց վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզելու մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: