Search
Close this search box.

«Էս ի՞նչ չուզող հարևանի տրամաբանություն է. մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն է պառկում». Փաշինյան

Մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է սոցիալ հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մի սուբյեկտի, մի խմբի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարեւանի տրամաբանությամբ հայտնվում է մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որ ասում է՝ ինչու իր հարցը լուծեցի, ոչ թե մերը: Սա իրականում քաղաքակրթական եւ սոցիալ-հոգեբանական խնդիր է: Երբեմն տպավորություն է, որ ավելի լավ է ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ համակերպված հուսահատության հետ իրենց յուղի մեջ տապակվեն: Սա լուրջ պրոբլեմ է, որովհետեւ 30 տարի կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել: Եթե փորձենք այդպես լուծել, շատ արագ եկիրը կկանգնի կոլապսի առաջ»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ Հայաստանը երբեք էլ ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում. «Բոլորը աշխատել են առաջինը վազել եւ բռնել այդ ծառայություն մատուցող կոկորդից, որ առաջինը հենց իրենց մատուցի: Սա լուրջ քաղաքակրթական խնդիր է եւ ես ուրախ եմ, որ ՀՀ-ում սկսվել է տարածվել, մասնավորապես բանկային համակարգում, հերթ արձանագրող սարքերը դրվել են: Մենք պետք է բոլոր այն տեղերում, որտեղ նման խնդիր կա, պարտադիր դարձնենք հերթագրող մեքենաների տեղադրումը»:

Փաշինյանը խոսեց եւս մեկ քաղաքակրթական խնդրի մասին. «Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու է ՀՀ-ում շինարարություն անել նշանակում աղբ տարածել ամենուր: Ես չեմ հասկանում, թե ինչու համապատասխան տեսչությունը չի տուգանում այն շինարարների նկատմամբ, որոնք շինարարություն ասելով հասկանում են աղբ կուտակել հնարավորինս լայն շառավղով: Շինարարը ամեն օր պետք է իր շուրջ մաքրի աշխատանքի սկզբից եւ վերջից: Քաղաքաշինության կոմիտեն այստեղ ունի լուրջ անելիք:

Ես նաեւ չեմ հասկանում, թե ինչու շինարարությունում աշխատել նշանակում է աշխատել տնից վերցրած հին շորերով: Էդ մարդիկ պետք է համազգեստ ունենան: Դա նույնն է, որ մենք կառավարության նիստի գալիս տանն ինչ մաշված շոր ունենք, հագնենք գանք ցնցոտիներով նստենք կառավարության նիստի: Շինարարական կազմակերպությունները միլիոններ են աշխատում, իրենց համար դժվա՞ր է, միջոց հատկացնել եւ ամենաէժան համազգեստը գնել աշխատակիցների համար:

Մենք տեղեկություն ունենք, որ Արծվաշենի մեր սիրելի հայրենակիցները պատրաստվում են կառավարության դիմաց բողոքի ակցիա անել: Դե յուրե արձանագրված է, բոլոր այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է: «Մեզ ասում են՝ այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել է, որ այդ փաստաթուղթը ստորագրենք: Շատ լավ, բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ այս դրսեւորումը տեղի է ունենում: Պարզ պատճառով, որովհետեւ 1,2 մլրդ դրամ տրամադրել ենք փախստականների կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Փախաստականները սկի դա չեն ստացել: Էս ի՞նչ երեւույթ է չուզող հարեւանի տրամաբանությամբ, թե ինչի՞ իր հարցը լուծեցինք: Կամ մեզնից ակնկալվում է, որ մենք էլ բիրտ լինե՞նք:

Նույնը Ամուլսարի վիճակի շուրջ էր. մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում: Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր: Այսինքն մեր ակնկալիքն է, որ միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ է կարելի նորմալ հարաբերություն հաստատել»,-հայտարարեց Փաշինյանը:

«Մենք նեյնիմ-նեյնիմ չենք անելու, չենք վախենալու հարցեր լուծել ինչ է թե ում հարցը լուծում ենք, չուզող հարեւանը դուրս է գալու ասի՝ բա ինչի՞ իմ հարցը չեք լուծում: Հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բայց զոռբայության տրամաբանությունից դուրս եկեք: Մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն ա պառկում, ինչքա՞ն կարելի է»,-ասաց նա: