Search
Close this search box.

Վարչապետը կարեւոր հայտարարություն է արել Արցախի մասին

Հայաստանի վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային անվտանգության ռազմավարության նախագծի քննարկում, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է անցումային կառավարման փուլն ավարտելու եւ առավել ռազմավարական կառավարման ռեժիմի անցնելու մասին:

Նա հայտարարել է, որ հետհեղափոխական շրջանում հաջողվել է լուծել նաեւ արտաքին քաղաքական ամենահրատապ խնդիրները: «Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը կարողացել է այդ թվում դիրքավորվել, մեր ընթացիկ պատկերացումներին, մեր ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Դա փաստացի հայտարարություն է այն մասին, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է հեղափոխությունից հետո լուծել անվտանգային միջնաժամկետ կայուն միջավայրի ձեւավորման հարցը, կամ այլ կերպ ասած՝ պատերազմի վտանգի միջնաժամկետ զսպման հարցը:

Նշանակու՞մ է, որ միջնաժամկետ հեռանկարում բացառվում է պատերազմի վտանգը: Էքզիստենցիալ առումով իհարկե ոչ, սակայն խոսքը կառավարելի զսպման միջավայրի ձեւավորման մասին է, որը վարչապետի խոսքից դատելով՝ առկա է առնվազն միջնաժամկետ հեռանկարի համար: Հետագա կառավարման տրամաբանությունը, որ ուղղված է կենսագործունեության այլ ոլորտներում արդյունավետության բարձրացմանը, պետք է ինքնաբերաբար հանգեցնի նաեւ պատերազմի վտանգի զսպման կառավարման ժամկետայնության շարունակվող բարձրացման: Մասնավորապես, խոսքը նաեւ տնտեսական կարողությունների ընդլայնման միջոցով Հայաստանի պաշտպանական կարողությունների գեներացման եւ բարձրացման մասին է:

Այլ կերպ ասած, Հայաստանը պետք է շարունակի պատրաստվել պատերազմի, որպես կայունության եւ թեկուզ հարաբերական խաղաղության գրավական: Հայաստանը հեղափոխությունից հետո կարողացել է չեզոքացնել ռազմաքաղաքական մի շարք մարտահրավերներ, ինչի հնարավորությունը բացակայում էր մինչ այդ՝ լեգիտիմ իշխանության բացակայության եւ գանձագողության ու կոռուպցիայի վրա հիմնված կառավարման պատճառով:
lragir.am