Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 62 տարեկան

Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 62 տարեկան: Հերոսի մարտական ընկերները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն, աշակերտները եւ այլ քաղաքացիներն այսօր` նոյեմբերի 25-ին, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

«Ես կուզեի, որ այս օրը մենք կարեւորեինք ոչ միայն Մոնթեի սխրանքը մարտի դաշտում, նրա ռազմական, կազմակերպչական տաղանդը, այլ նաեւ Մոնթե Մելքոնյան մարդուն, բազմակողմանիորեն զարգացած, կիրթ, ընդհանրապես՝ մարդու, հայրենիքի, բնության, ամեն ինչի նկատմամբ ամենամեծ տրամաչափի գիտելիք, ազգային մոտեցում ունեցող մարդուն: Թերեւս սա է նրան շատերից առանձնացնում եւ այդ առումներն են, որ գնահատված եւ բացահայտված չեն սերունդների համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը:

Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր Մարտիրոս Ժամկոչյանը, ով նրա հետ մարտեր է մղել «Հայրենասիրական» ջոկատում NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Մոնթեին ճանաչում է դեռեւս Լիբանանից, «Գաղտնի բանակից»:

«17 հոգանոց «Հայրենասիրական» ջոկատով գնացել էինք Արցախ եւ սկսեցինք մարտական գործողություններ: Իհարկե, մեզ Վազգեն Սարգսյանի կողմից հրաման էր տրված, եւ սկսեցինք գյուղեր ազատագրել, եւ այդպես մինչեւ 93 թիվ: Մոնթեն շատ կենսուրախ մարդ էր եւ խստապահանջ, մարտական ուղիներն առաջինն ինքն էր ստուգում»,- պատմեց Ժամկոչյանը:

Մոնթե Մելքոնյանի ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 24-ին հերոսի անունը կրող կրթահամալիրում անցկացվել է հանդիսավոր միջոցառում:

Ավանդույթի համաձայն՝ Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ տեղի է ունեցել նաև 2019թ.-ին վարժարան ընդունված սաների խոստման հանդիսավոր արարողությունը։

Ներկաներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, որը կրթահամալիրի սաներին հորդորել է բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը, մաղթել արդյունավետ ուսումնառություն, անսպառ եռանդ և նպատակասլացություն:

Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձի առթիվ ուղերձ է հղել նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը. «Գոյապայքարի տարիներին, երբ Արցախի և արցախահայության լինել-չլինելու հարցն էր դրված, ամենազոր ժամանակը ծնեց բնատուր շնորհքով, տաղանդով օժտված հրամանատարների և ազատամարտի նվիրյալների փառավոր սերունդ, որոնց համար գերնպատակ դարձավ հայրենիքի պաշտպանությունը:

Մենք այսօր փաստում ենք, որ նրանք իրենց գործելակերպով նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեցին հայրենասիրություն, արդարություն, ազնվություն, նվիրվածություն կոչվող արժեքներին`դրանք վերածելով վարքի ու սկզբունքի, և որ ամենակարևորն է՝ իրենց անձնական օրինակով ուղենիշ դարձան բոլորիս համար:

Արցախյան ազատամարտում անուրանալի է Մոնթե Մելքոնյանի՝ լեգենդար Ավոյի դերակատարությունը: Այդ պայքարը նրա համար դարձավ ոգու բարձրագույն թռիչք, սխրանքների, հերոսության ասպարեզ, որտեղ հաստատեց այն պարզ ճշմարտությունը, որ մարդն իր ուժը ստանում է մայր հողից և այդ հողին էլ պետք է նվիրաբերի ոգին ու բազկի ուժը:

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Հայաստանի և Արցախի ազգային հերոսի`Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ»:

Նշենք, որ Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի և Արցախի հերոսի կոչումների, պարգեւատրվել «Հայրենիք» և «Ոսկե Արծիվ», ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով:

Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին: