Search
Close this search box.

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Բուլգակով չի կարդացել, թե չէ կիմանար՝ բազմակի օգտագործման թարմություն չի լինում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբին, ասել է. «Դրական կարծիք ունեմ, կարծում եմ` նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»:

«ՉԻ». Ափսոս, չենք տեսել, թե Տիգրան Ավինյանն այս խոսքերն ասելիս դեմքի ինչ արտահայտություն է ունեցել: Միգուցե, թրոլինգ է արել: Կամ էլ՝ «թարմություն» բառն արտահայտելիս ձեռքերով չակերտներ է ցույց տվել: Այդ դեպքում կասեինք, որ հաջող հումոր է:
Սակայն կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ մարդը լուրջ է ասել: Նույն աղբյուրները չեն իմանում, փոխվարչապետը հավատո՞ւմ է իր ասածներին, թե՝ ոչ, բայց փաստ է, որ ասել է:

Երկրում էլ մարդ չմնաց, որ «Վերնատան» այս հավաքը չհամեմատեր քաղաքական դիակների, Դրակուլայի համակիրների, մարած «օբլիգացիաների», դարն ապրած գործիչների կուտակման հետ, մենակ երկրիս փոխվարչապետն է այդ հավաքում ինչ-որ թարմություն տեսել:
Էն էլ՝ թարմություն: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե հատկապես ինչ թարմություն է ակնկալում Տիգրան Ավինյանը «Վերնատնից»: Այնտեղ հավաքված մարդիկ 20-30 տարի ժամանակ են ունեցել՝ թարմություն մտցնելու համար, բայց իրենցից հետո միայն գարշահոտ են թողել:

Կարող ենք ասել, որ Տիգրան Ավինյանը Բուլգակով չի կարդացել, թե չէ կիմանար. բազմակի օգտագործման թարմություն չի լինում: