Search
Close this search box.

«Գոլդեն փելիս» հյուրանոցը կվաճառվի աճուրդով. հայտնի է նախնական գինը

ՀՀ կառավարությունը վաղը որոշում կընդունի պետության սեփականություն հանդիսացող՝ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցը աճուրդով վաճառքի հանելու մասին: Հյուրանոցը վաճառքի է հանվելու 7 միլիարդ 526 մլն 457 հազար 800 ՀՀ դրամով: Սա հենց կառույցի ինքնարժեքն է, որից 7 միլիարդ 204 միլիոն 568 հազարը 800 ՀՀ դրամը շենք-շինությունների աժեքն է, իսկ 321 մլն 889 հազաև 000 ՀՀ դրամը հյուրանոցում առկա գույքը:

Հյուրանոցի ընդհանուր տարածքը կազմում է 19 հազար 758 քմ մակերես, իսկ կառույցի ներսում առկա է 3257 միավոր շարժական գույք, կից կա 1.38 հեկտար հողամաս: Աճուրդի հաղթողը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 62 մլն 431 հազար 200 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցողները պետք է պարտադիր նախավճար կատարեն, որը գույքի մեկնարկային գնի՝ 7 միլիարդ 526 մլն 457 հազար 800 ՀՀ դրամո 5 տոկոսն է կազմում:

Գույքը աճուրդի կհանվի կառավարության համապատասխան որոշման ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում: Այսինքն՝ եթե կառավարությունը վաղը համապատասխան որոշումը հաստատի, ապա հյուրանոցը պետք է վաճառել մինչև դեկտեմբերի 21-ը: Գնորդը պարտավոր է համապատասխան գումարը պետությանը փոխանցել աճուրդից հետո մեկ ամսվա ընթացքում: Նշյալ գումարի 70 տոկոսը վճարվելու է պետական բյուջե, իսկ մնացածը՝ համայնքային:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 19-ին Պետական գույքի կառավարման կոմիտե էր դիմել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, մաքսային ծառայության նախկին տնօրեն Արմեն Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը ցանկություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը նվիրել ընկերության կազմում գտնվող և ՀՀ Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինությունները և հյուրանոցի ներսում առկա շարժական գույքը։ Ընկերության կազմում առկա է ևս երկու հյուրանոցային համալիր, որոնք գտնվում են Երևանում: