Search
Close this search box.

Աղմկոտ «ինքնաբացահայտում» կառավարությունում. փոխվարչապետը հակահեղափոական հայտարարություն է արել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ դրական կարծիքի է Վերնատուն ակումբի մասին, որի նախաձեռնողը Վազգեն Մանուկյանն է եւ որը փաստացի կլոր սեղանի շուրջ է հավաքել նախկին իշխող համակարգի հետ առնչվող ամենատարբեր շրջանակների: Ըստ Ավինյանի, ակումբը թարմություն կարող է բերել ներքաղաքական կյանքում:

Հայաստանում ներկայում հանրային լայն զանգվածների շրջանում գերիշխող տրամաբանությամբ Տիգրան Ավինյանը եթե չի հեգնել, ապա փաստորեն արել է «հակահեղափոխական» հայտարարություն: Եվ նրա այդ հայտարարությունը շատերը գուցե նույնիսկ կփակցնեն Աղվան Հովսեփյանի հետ հայտնի լուսանկարի կողքին, զարգացնելով երեւակայությունը: Կստացվի, որ Ավինյանը «ինքնաբացահայտվել» է որպես կառավարությունում հակահեղափոխության օջախ կամ բաստիոն, խլելով Հրայր Թովմասյանի «մենաշնորը»:

Եթե լուրջ, ապա իսկապես հետաքրքիր է՝ հեգնե՞լ է Ավինյանը Վերնատուն ակումբի առնչությամբ, հաշվի առնելով այն, որ շատերի գնահատմամբ այն նախկին իշխող «ծերակույտ» է, թե՞ Ավինյանն իրապես համարում է, որ դրանով թարմություն կգա ներքաղաքական կյանք:

Ի վերջո, Վերնատանն իհարկե միայն տարեց գործիչներ կամ այսպես ասած տարեց համակարգայիններ չեն: Կան երիտասարդ մասնակիցներ, որոնց ճնշող մեծամասնությունը կապված է նախկին համակարգի հենց տարեցների կամքին: Բայց հարցը դա էլ չէ, որովհետեւ քաղաքական թարմությունը տարիքին առնչվող հանգամանք չէ: Ի վերջո, քաղաքականության մեջ նոր կամ հին սերունդը պետք է չափվի բովանդակությամբ, մտահորիզոնով, աշխարհայացքով ու արժեհամակարգով, ոչ թե տարիքով:

Ըստ այդմ, հարցն այն է, թե արդյոք Վերնատունը ի վիճակի է թարմ բովանդակություն բերել ներքաղաքական կյանք, առավել եւս նկատի ունենալով այն, որ այդ ակումբի մեջ ներգրավված ուժերը արդեն մի քանի տարի եւ առնվազն մի քանի ամիս քաղաքական կյանքում են, սակայն քաղաքական օդափոխությանը կարծես թե այդքան էլ չեն նպաստել, իսկ որոշների պարագայում՝ առավել ծանրացրել են օդը:

Մյուս կողմից, ինքնին հնարավոր է հարց տալ, թե ինչ է թարմությունը: Եվ այստեղ իհարկե կա մի հանգամանք, որն իր առերեւույթ դրսեւորումով կամ ընկալումով այդքան էլ նկատելի չէ, սակայն հետհեղափոխական շրջանի էական խնդիրներից է: Խոսքը հեղափոխական թարմության մասին է: Այդ իմաստով Հայաստանը գտնվում է անցումային փուլի բավականին օբյեկտիվ մի տարածությունում, երբ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ինքնին օբյեկիտիվորեն նաեւ կորցնում է թարմությունը, միաժամանակ չի ստացվում թարմ քաղաքականության շարունակություն, մի շարք պատճառներով, որոնց մի մասը կառավարող ուժի դաշտում է, մյուս մասը՝ հասարակական-քաղաքական այլ միավորների:

Այդտեղ ահա նորի ու հնի դիմակայության որեւէ այսպես ասած վերաձեւակերպում դառնում է «թարմության աղբյուր»: Բայց, ամբողջ հարցն այն է, որ թարմանում կամ այսպես ասած «վերաթարմանում» է հեղափոխական գործընթացը, մինչդեռ Հայաստանում կա թարմ քաղաքական գործընթացի, թարմ քաղաքական համակարգի հարց: Այդ իմաստով, հեղափոխության պարբերական թարմացումն իր հերթին անշուշտ կարող է կատարել քաղաքական նոր համակարգի ձեւավորման համար անհրաժեշտ քայլերի լիցքավորիչ դեր, մյուս կողմից սակայն հեղափոխությունը կարող է վարժվել այդօրինակ թարմացումներին կամ «վերաթարմացումներին», այն դեպքում, երբ դրանց գործածության ժամկետը ամենեւին անսպառ չէ:

lragir .am