Search
Close this search box.

Դատավորը դատապարտվեց 7 տարի, փաստաբանը՝ 2 տարի ազատազրկման

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը քիչ առաջ հրապարակեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ կաշառքի օժանդակության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատավճիռը:

Ըստ դատավճռի՝ դատավոր Գագիկ Հեբոյանը մեղավոր ճանաչվեց իրեն վերագրվող կաշառք ստանալու արարքում եւ դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանի՝ կաշառք ստանալու օժանդակության արարքը վերաորակվեց կաշառքի միջնորդություն, եւ նա դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման: Դանիելյանը կալանքի տակ էր գտնվում 1 ամիս 5 օր:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝Գագիկ Հեբոյանը քաղաքացուն 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել է 3500 դոլար կաշառք, սակայն սակարկելուց հետո քաղաքացու հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել 2500 դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:

Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց եւ բացահայտվելուց` դատավորը դիմել է իր փաստաբան Վահագն Դանիելյանի օգնությանը, ով մեղավոր ճանաչվեց կաշառքի միջնորդության մեջ: