Search
Close this search box.

Սա աննախադեպ քրեական սկանդալ է լինելու, ու մեղավոր ենք բոլորս. Նաիրա Զոհրաբյան

Իմ լրագրողական գործունեության ընթացքում բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ Հայաստանում երեխաների որդեգրման խնդիրներին, որտեղ բազմաթիվ հարցականներ ու կրիմինալ գործարքների համար սողանցքներ կան: Օրերս ԱԱԾ-ն հերթական սկանդալային հայտարությունն արեց, որ Իտալիայի քաղաքացիները, մեր օրենսդրության կոպտագույն խախտմամբ, 30 երեխա են որդեգրել և երկրից տարել:

Այս խայտառակ պատմության մեջ արդեն իսկ շրջանառվում են կոնկրետ մանկատների և ծննդատների անուններ: Ավելին, մամուլում տեղեկություններ կան, որ որոշ ծննդկանների ստիպել են հրաժարվել երեխայից, կամ՝ վերջիններս կաշառքի դիմաց հրաժարվել են իրենց երեխայից։

Ու եթե շրջանառվող լուրերի անգամ մեկ տոկոսը հաստատվի, սա աննախադեպ քրեական սկանդալ է լինելու: Տարիներ շարունակ խոսել ենք որդեգրման գործընթացի բացերի և կասկածելի պատմությունների մասին, որոնք պարբերաբար հայտնվում էին մամուլում և «անզգուշաբար վրիպում» իրավապահների ուշադրությունից:

ԱԱԾ-ն, իր հայտարարությունից հետո, կարծում եմ, այս պահին որոշակի տեղեկատվություն պիտի տրամադրի օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների ճակատագրի մասին, իսկ այս խայտառակ քրեական սկանդալի որևէ մասնակից անպատիժ չպիտի մնա:

Ավելին, ես որպես պատգամավոր, փորձագետների հետ քննարկում եմ երեխաների հետ կապված հանցագործությունների դեպքում քրեական պատասխանատվությունը խստացնելու հարցը և առաջիկայում Քրեական Օրենսգրքում կառաջարկեմ փոփոխություններ:

Մենք խոսում ենք երեխայի հանդեպ մեր բացառիկ վերաբերմունքի մասին, սակայն տարիներ շարունակ մեր քթի տակ, օրենքը ոտատակ տալով, երեխա են երկրից դուրս տարել ու մենք չենք իմացել: Մեղավոր ենք բոլորս: