Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար Սիլիկյան թաղամասում. կա մեկ զոհ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Բորիս Ադամյանը իր վարած Chrysler մակնիշի 88 AԼ 909 համարանիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասի թիվ 2/2 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Բ. Ադամյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 36-ամյա Արման Ժահմարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա. Ժահմարյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Վարորդին և մահացածին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ բնակվող քաղաքացիները, որից հետո՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Բ. Ադամյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ԲԷ ՓԲԸ-ում՝ որպես հարավային մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի տեղակալ, մահացածը նույնպես աշխատում էր նշված ՓԲԸ-ում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: