Search
Close this search box.

Երևանում մատուցողուհին վրաերթի է ենթարկել զինվորական դատախազության ավագ դատախազի 38-ամյա եղբորը. նա մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Անուշ Ներսիսյանը իր վարած Nissan մակնիշի 36 AT 368 համարանիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում՝ թիվ 4 էլեկտրասյան մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ոսկանյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրան հիվանդանոց է ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Սիմոնյանն ու տեսուչ Արմեն Գրիգորյանը, ովքեր Վ. Էվինյանի հանձնարարականով վարորդին հեռացրել են դեպքի վայրից, քանի որ այնտեղ էին ժամանել մահացածի հարազատները։

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ներսիսյանն աշխատում է «Կովկասյան խոհանոց» թոնրատանը՝ որպես մատուցողուհի, իսկ մահացածը Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի եղբայրն էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: