Search
Close this search box.

Ռուս պատգամավորը մտել է Հայ առաքելական եկեղեցու տարածք և սև ներկ է փչել Նժդեհի հուշատախտակի վրա

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով Ռուսաստանի Արմավիր քաղաքում Հայ Առաքելական եկեղեցու տարածքում գրանցված դեպքը:

Հիշեցնենք, որ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է Հայ առաքելական եկեղեցու տարածք և Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել սև ներկով:

«Դեսպանատունն իր վրդովմունքն է հայտնում Արմավիրում տեղի ունեցված դեպքի կապակցությամբ: Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի՝ Հայ առաքելական եկեղեցու տարածքում գործողությունը մեր կողմից որակվում է որպես վանդալիզմ և ինքնաիրավչության դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական կարգին: Այս գործողությունը չի նպաստում հայ-ռուսական երկկողմ փոխհարաբերություններին և կարող է հանգեցնել ազգամիջյան լարվածության»,- նշվում է ՌԴ-ում Հայաստանի դասպանատան հայտարարության մեջ:

Դեսպանատունը նաև ընդգծում է, որ տեղի ունեցածը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող հայերի շրջանում լուրջ անհանգստություն է առաջացրել:

Հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցածի մասին տեղեկությունը դեսպանատունը կփոխանցի Ռուսաստանի համապատասխան մարմիններին:

«Միաժամանակ Արմավիրի քաղաքային իշխանություններին կոչ ենք անում տեղի ունեցածին տալ համարժեք գնահատական: Այս դեպքը կպահենք մեր ուշադրության կենտրոնում: Դեսպանատունը մշտական կապ է պահում հայկական համայնքի և ՌԴ համապատասխան մարմինների հետ»,- նշվում է հայտարարության մեջ: