Search
Close this search box.

Քննարկել եմ թիմիս հետ, եթե դեմ լինեին, այդ որոշումը չէր լինի. Սիսակ Գաբրիելյանը` Արսեն Բաբայանի համար ներկայացրած երաշխավորության մասին

Քննարկել եմ թիմիս հետ, որոշումը կայացրել եմ, ներկայացրել եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշման համար իր կողմից ներկայացրած երաշխավորությանը:

Հարցին, թե թիմը արդյոք դեմ չի եղել այդ որոշմանը, նա պատասխանեց. «Եթե դեմ լինեին, այդ որոշումս չէր լինի»:

Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ Արսեն Բաբայանին ճանաչել է նաև լրագրողական նախկին գործունեության ընթացքում, շփվել է, հետևաբար երաշխավորում է, որ նա ազատության մեջ չի խոչընդոտի նախաքննությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշման մասին։

Ըստ հաղորդագրության` ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների հիմնական մասը, որի պայմաններում նվազել է վերջինիս ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վտանգը, և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճեների հետ միասին՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ: