Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. 17–ամյա ուսանողը դանակի հարվածներ է հասցրել 51–ամյա տղամարդուն

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները տաք հետքերով բացահայտել են նույն օրը Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Այդ օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ու պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Խարբերդ այգեգործական ընկերության բնակիչ, 51-ամյա Ա. Ս.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

Շենգավիթի ոստիկանները ժամեր անց պարզել են, թե ով է կասկածյալը և բացատրական աշխատանքների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Շեգավիթի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաձգաբանական, դատափորձագիտական, դատաբժշկական փորձաքննություններ:
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Ա.-ն սովորում է Երևանում գործող ուսումնարաններից մեկի 3-րդ կուրսում, ով ստորագրությամբ բաց է թողնվել: