Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերգեյ Լավրովը՝ արցախյան հարցի կարգավորման մասին

«Ես կարող եմ այստեղ մեջբերել Ն. Փաշինյանի խոսքը, որ լուծումը պետք է լինի այնպիսին, որը հաշվի կառնի թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի շահերը: Սկզբունքորեն տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը, վեճերի՝ բացառապես խաղաղ ճանապարոհով լուծումն ամրագրված է փաստաթղթերի բոլոր տարբերակներում, որոնք ստորագրել են կողմերը: Ամեն դեպքում՝ վերջնական որոշումը պետք է հաշվի առնի դա: Մնացածն արդեն դիվանագիտական արվեստի և փոխզիջումների գնալու պատրաստակամության հարց է: ՌԴ-ը ջանալու է, որպեսզի այդ փոխզիջումը լինի արդար և արտահայտի շահերի արդար հավասարակշռությունը»,-նոյեմբերի 11-ին իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան այն հարցի, թե որքանով է իրատեսական խաղաղ կարգավորումը, երբ Ադրբեջանը հարցի կարգավորման մի տարբերակ է տեսնում՝ տարածքային ամբողջականության շրջանակում:

Ս. Լավրովն ասել է, որ ՌԴ-ը պատրաստ է ամենաակտիվ միջնորդությունն իրականացնել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ ազգային շրջանակում՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով:

ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն էլ նշել է, որ հիմնախնդիրը վերաբերում է իրենց պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին, մարդկանց և նրանց իրավունքների ու ազատությունների իրականացմանը:

«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ միակարծիք ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի»,- ընդգծել է ՀՀ արտգործնախարարը: