Search
Close this search box.

Ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանը․ հանրապետականների «սխոդկան» Ծաղկաձորում

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը․ մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովը, որն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ, Սերժ Սարգսյանը։

Տեղի ունեցածն, ըստ էության, ՀՀԿ ներկուսակցական քննարկում է ու տարակուսելի է, որ միջոցառումը ֆինանսավորվել է գերմանական հիմնադրամի կողմից, որը գործում է այդ երկրի կառավարող կուսակցության հովանու ներքո։ Իհարկե, ՀՀԿ-ն ու Գերմանիայի ՔԴՄ-ն ֆորմալ առումով դաշնակիցներ են Եվրոպայի ժողովրդական կուսակցության շրջանակներում, սակայն Սարգսյանի կուսակցությունը դե ֆակտո կապ չունի ոչ միայն եվրոպական արժեքների ու պահպանողականության, այլ նաև՝ քաղաքականության հետ։

Ակնառու է մի փաստ․ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ակտիվացել է, ինչի դրսևորումներից մեկը եղավ նրա ելույթը Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցում, որին հաջորդեց հանդիպումը ԱՄՆ դեսպանի հետ, իսկ հիմա էլ՝ փաստացի համագործակցությունը Գերմանիայի կառավարող կուսակցության ինստիտուտներից մեկի հետ։ Բնական հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված Սարգսյանի ակտիվությունը։

Վարկածներից մեկն այն է, որ երրորդ նախագահը մտավախություն ունի, որ առաջիկայում կարող է կալանավորվել ու փորձում է՝ մի կողմից, կանխարգելիչ քայլեր իրականացնել՝ ստեղծելով միջազգային աջակցության իմիտացիա, մյուս կողմից՝ քաղաքականացնել իր շուրջ սպասվող քրեական հնարավոր դրաման։

Իհարկե, տեղ ունի նաև մյուս վարկածը, որ, այնուամենայնիվ, արևմտյան որոշ կենտրոններ ցանկանում են ընդգծել Սերժ Սարգսյանի սուբեկտությունը։ Այս ենթադրությունն ինքնին բազմաշերտ հետևությունների տեղիք է տալիս։ Կարելի է, օրինակ, մտածել, որ Հայաստանի նոր իշխանությունը որոշակի հիասթափություն է առաջացրել արևմտյան կենտրոններում և, նրանք լրացուցիչ գործընկերների անհրաժեշտություն ունեն։ Իհարկե, այս վարկածը շատ թույլ է, որովհետև ԱՄՆ դեսպանի կամ ԵՄ պատասխանատուների հրապարակային հայտարարությունները միանգամայն այլ բան են հուշում։

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ Հայաստանի արտաքին գործընկերները փորձում են, այսպես ասած, վերահսկելի դարձնել Սարգսյանի վարքագիծը՝ թույլ չտալով նրա կոնսոլիդացիան Ռոբերտ Քոչարյանի միանշանակ ռուսամետ բևեռի հետ։

Սակայն խնդիրը պետք է դիտարկել նաև այլ հարթության վրա։

Ի վերջո, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համապարփակ իրավա-քաղաքական գնահատական չի տալիս նախկին համակարգին, ապա քաղաքական ռեաբիլիտացիայի շանս են ստանում ոչ միայն ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը, այլ նաև՝ Ռոբրետ Քոչարյանը, ու այս հարցում շատ մեծ է գործող կառավարության պատասխանատվությունը։

Ցինիզմն ու ամբարտավանությունը հասել են այնտեղ, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը խոսում են պոպուլիզմի մասին՝ անտեսելով այն հանգամանքը, որ այն օբյեկտիվորեն կարող էր ծնվել իրենց ապաշնորհ ու հանցավոր քաղաքականության հետևանքով։ Ամբոխավարությունն առաջանում է այնտեղ, որտեղ քաղաքականությունը սպառված է, իսկ դրա ուղղությամբ Սերժ Սարգսյանը «հետևողականորեն» աշխատել է իր նախագահության տասը տարիներին։

Նյութի աղբյուր՝ 1in.am