Search
Close this search box.

Հայաստանի արտգործնախարարը Լավրովին պատմել է իր պապիկի մասին

Սա իրավամբ համաշխարհային տոն է, քանի որ Երկրորդ Համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքարն էր: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մասնակցում էր Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

«Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողությունն է այն մասին, որ պետք է պայքարել եւ հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ: Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաեւ հակահիտլերյան կոալիցիայի մաս կազմող Ֆրանսիայի ընդհանուր ձեռքբերումն է: Սա իրավամբ համաշխարհային տոն է, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքարն էր»,- ասաց նա:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` Մայիսի 9-ը նախկին ԽՍՀՄ-ում տոն է յուրաքանչյուրի համար, քանի որ ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի հայր, որդի, եղբայր, թոռ գնացել է ռազմաճակատ:

«Իմ ընտանիքը, ես անձամբ մեծացել եմ այդ հուշերով, իմ պապիկը եղել է մարտիկ եւ կռվել է Մեծ Հայրենական պատերազմում»,- հավելեց նա:

Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում են Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում։ ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ։