Search
Close this search box.

Դատարանը տարօրինակ պայմաններում նախապես տեղեկացվել էր «Ալավերդցի Վահագնի» պաշտպանների միջնորդության մասին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 8-ին Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագ) եւ Վլադիմիր Դավթյանի գործով դատական նիստին պաշտպանական կողմը դատարանին միջնորդություն ներկայացրեց։ Ըստ պաշտպանական կողմի միջնորդության՝ դատարանը պետք է ազատ արձակի սպանություն պատվիրելու համար մեղադրվող Աբգարյանին կամ փոփոխի խափանման միջոցը ստորագրությամբ կամ ազատ արձակի 7 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց։ Պաշտպանական կողմը նշեց նաեւ՝ եթե դատարանը նշված գրավի չափից ավելին պահանջի, ապա այդ պահանջին նույնպես համաձայն կլինեն։

Պաշտպաններն ասացին, քանի որ գործով վկա Արթուր Մնացականյանն իր նախաքննական ցուցմունքները կեղծ է համարել, դա հիմք է հանդիսանում, որպեսզի դատարանն ազատ արձակի Վահագն Աբգարյանին։ Բացի այդ դեռ մեկ եւ կես տարի առաջ դատարանը կայացրել է որոշում, որը խախտում է Աբգարյանի իրավունքները.

«Դատարանը որոշել է չփոփոխել խափանման միջոցը եւ Աբգարյանը մնացել է կալանքի տակ, նման դիրքորոշումը, քրեադատավարական իմաստով, որոշում չի կարող համարվել։ Խափանման միջոցը անփոփոխ թողնելու ընթացակարգը պայմանավորված է կոնվենցիայի (ՄԻԵԿ) 5-րդ հոդվածով սահմանված անձնական ազատության իրավունքի խախտումով։ Դատարանի նման որոշումը չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումներին»։

Պաշտպանական կողմը նաեւ հայտարարեց, որ Վահագն Աբգարյանն ունի առողջական խնդիրներ, որի բուժման համար կալանավայրում չկան պայմաններ. «Վահագն Աբգարյանին շարունակել կալանքի տակ պահելը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել պետությանը։ Նա երեկ հետազոտվել է Մ. Հերացու անվան ԲԿ-ում։ Նրա մոտ ախտորոշվել է ձախ վերին վերջույթի նյարդի նեորոպատիա, որի բուժման համար անհրաժեշտ է էլեկտրոնյարդային խթանման՝ 25 պրոցեդուրա»։

Պաշտպանները «Ալավերդցի Վահագնի» մասին ներկայացրեցին բնութագիր, որտեղ նշված էր, որ Աբգարյանը մտավորականի ընտանիքից է, նրա երեխաները դպրոցում են սովորում, եւ, որ նա երբեմն ներկայացել է նաեւ ծնողական ժողովներին, 2016 թվականին ապահովել էր, որ իր երեխաները դասարանով այցելեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։

Հետաքրքրական էր, սակայն, որ պաշտպանական կողմը նախորդ դատական նիստի ժամանակ անգամ չէր ակնարկել նման միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին, մինչդեռ դատարանը նիստը սկսեց անմիջապես դիմելով պաշտպաններին. «Միջնորդություն ունեիք, չէ՞»։

Տուժողի իրավահաջորդ Լուսինե Սահակյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք դատարան նախօրոք ծանո՞թ էր միջնորդությանը։ Պարզվեց, որ դատարանը նախապես չի ստացել նման միջնորդություն։

Մեղադրող դատախազը ժամանակ խնդրեց դատարանից, ներկայացված միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։ Դատական նիստը հետաձգվեց ու նշանակվեց նոյեմբերի 20-ին։

Նշենք, որ ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով: