Search
Close this search box.

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան և Գագիկ Հայրապետյանը. ֆոտո

Հովիկ Ստուդիոն կամ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան արդեն 15 տարվա պատմություն ունի։ Ծավալվելով Ռուսաստանում և Հայաստանում 18 մասնաճյուղերի գործունեությամբ՝ իր աշխարհագրությամբ ամենամեծ հայկական պարային կառույցն է աշխարհում։ Ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը գործունեության առաջին իսկ օրվանից մանկավարժական անձնակազմին կենտրոնացրեց ամուր ընտանիքի մոդելի շուրջ, որն էլ հնարավոր դարձավ համակարգված թիմային աշխատանքի շնորհիվ։ Տարբեր տարիներին այստեղ աշխատել և աշխատում են շատ տաղանդավոր պարուսույցներ, որոնց կերտած սաները մեծ երախտագիտությամբ են նշում նրանց անունները։ Այս տարիների ընթացքում առանձնակի հեղինակություն ձեռք բերեց նախկինում ակադեմիայի փորձավար, իսկ 2015 թվականից ակադեմիայի գլխավոր բալետմաստեր ՝ Գագիկ Հայրապետյանը։ Որոշեցինք իմանալ նրա կարծիքը ընտրած ուղու և առաքելության մասին։ «Հովիկ Ստուդիոն իմ ընտանիքն է, որտեղ ապրում և արարում ենք և ամեն օր ինչ որ բան սովորում։ Հաշվի առնելով այն, որ շատ փոքր հասակից եմ պարում և կյանքիս մեծ մասը անց եմ կացրել պարի դահլիճում, ուրեմն միանշանակ ինձ համարում եմ պարարվեստի նվիրյալ։ Իսկ մեր ակադեմիայում իրականացրեցի ինքնաճանաչումս, հասկացա առաքելությունս՝ որն է բացահայտել և հարթակ ստեղծել այն շնորհալիների համար, որոնք իսկապես արվեստագետ են կամ ուզում են դառնալ։ Կյանքն ակնթարթ է և հարկավոր է իմաստավորել այս կարճ կյանքը՝ պարգևելով ուրախություն հատկապես երեխաներին։ Ավելի մեծ ուրախություն, քան տեսնել մեր սաների աչքերի փայլը, երևի թե մեկ էլ սեփական զավակիդ երջանիկ աչքերը կարող են համարվել ։

Հիմա առավել լիարժեք եմ գիտակցում այս բառերի իմաստը, քանի որ ունեմ նորաստեղծ ընտանիք՝ սիրելի կին և նորածին արու զավակ, որին նույնպես կուղղորդեմ դեպի լավ մարդ տանող ճանապարհ։ Հպարտ եմ, որ պարարվեստի աշխարհում արդարացրել և արդարացնում եմ ծնողներիս, մեծ ընտանիքիս, կոլեկտիվիս , մեր հարյուրավոր սաների և մեր ղեկավարի կամ քավորիս սպասելիքները, և միաժամանակ գիտակցում եմ , որ կյանքում հարկավոր է միշտ սովորել և շարունակ արարել ու արարել։ Պարարվեստը կարծես բազմահազար գույներ ունեցող ծաղիկների դաշտ է, որտեղ մեկ անգամ հայտնվելով, այլևս երբեք չես լքի այն»: