Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում Հունաստանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած եղբայրական Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին։

«Մեր երկրների միջպետական հարաբերությւոնները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում և հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս բարենպաստ ֆոնի վրա առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն հաստատել», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հունվարին սպասվում է եռակողմ ձևաչափով առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա Երևանում՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս։

«Դա էլ ավելի նպաստավոր կդարձնի մեր հարաբերությունները», — ընդգծեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում Հունաստանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։

«Մեր ժողովուրդը մեծ գնահատանքով է հիշում այն փաստը, որ դեռևս 1996 թվականին Հունաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ուզում եմ արձանագրել, որ 2015 թվականին Հայաստանի խորհրդարանը նույնպես ճանաչել է հույների, ասորիների ցեղասպանությունը։ Կարծում եմ՝ այս փաստը հիմք է ստեղծում, որ մենք գլոբալ անվտանգության հարցերում համագործակցության ուղիներ փնտրենք», — ասաց Ն. Փաշինյանը։

Հունաստանի Հանրապետության նախագահն էլ իր հերթին արձնագրեց, որ ուրախ է գտնվել Հայաստանում։

«Ես ուրախ եմ, որ Հայաստանը մասնակցում է հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, ինչը շատ կարևոր է», — ասաց նա։

Պրոկոպիոս Պավլոպուլոսի խոսքով՝ Հունաստանը ողջունում է, որ վերջերս ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։