Search
Close this search box.

Հրայր Թովմասյան․ Ինձ կալանավորել կարող են միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ

Պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է, որ 2018 թվականին մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, օրինախախտումներով բռնազավթել են ՍԴ նախագահի պաշտոնը:

Հատուկ քննչական ծառայությունը օրեր առաջ հաղորդագրություն տարածեց, որ Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ է ներգրավել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին:

Այս գործով երեկ կալանավորվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով:

Հրայր Թովմասյանը գործում որևէ կարգավիճակ չունի: Ըստ Սահմանադրության՝ ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է բարձր դատարանի որոշումը, թեև այս դեպքում իրավաբանների մեկնաբանությունները տարբեր են:

Սահմանադրական դատարանի նախագահը հարցազրույց է տվել «168 ժամ»-ին: Ստորև՝ հատված հարցազրույցից․

Հարց․ — Որպես Սահմանադրական դատարանի նախագահ՝ այնուամենայնիվ, Դուք օգտվում եք անձեռնմխելիությունից: Իսկ եթե կալանավորեն նաև Ձե՞զ, ինչը չի բացառվում: Առանց Սահմանադրական դատարանի համաձայնության, այո, Ձեզ հնարավոր չէ կալանավորել, բայց եթե, այնուամենայնիվ, քաղաքական որոշո՞ւմ կայացվի․ տեսում ենք՝ քաղաքական որոշումներ են շատ հաճախ կայացվում:

Հրայր Թովմասյան․ — Ես կցանկանամ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորները՝ և՛ եվրոպական ստանդարտներով, և՛ Սահմանադրական դատարանի վերջին որոշումներով արձանագրված՝ դա Քրեական դատավարության 35-րդ հոդվածին էր վերաբերվում, որ մինչև դա նշանակված դատավորները դրան նախորդող ողջ ժամանակահատվածի համար ունեն ոչ միայն ֆունկցիոնալ, այլ ամբողջական անձեռնմխելիություն, և ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու և ընդհանրապես քրեական հետապնդում սկսելու, կալանավորելը կարող են միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ, թեպետ 2015 թվականի Սահմանադրությամբ դա փոխվել է և ամրագրվել է բացառապես ֆունկցիոնալ անձեռնմխելիություն:

Հարց․ — Կրկնում եմ, պարոն Թովմասյան՝ եթե լինի քաղաքակա՞ն որոշում:

Թովմասյան․ — Եթե լինի քաղաքական որոշում, Սահմանադրական դատարանը պիտի մնա իր դերում և կայացնի իրավական որոշում, և ցանկացած իրավական որոշում ինձ համար ընդունելի է:

Հարց․ — Ձեզ համար, իսկ եթե իշխանությունները չընդունե՞ն:

Թովմասյան․ — Ես էդ հարցին չեմ կարող նորից պատասխանել: Ես դժվարանում եմ իմ փոխարեն պատասխանել, հիմա Դուք ասում եք՝ իշխանության փոխարեն պատասխանեք: Չեմ կարող ասել ինչ կլինի:

Հարց․ — Սահմանադրությունը էս դեպքում միայն․․․

Թովմասյան․ — Սահմանադրությունը այս դեպքում, իմ կարծիքով, հստակ է, միանշանակ է: Երեկ երկու նախկին արդարադատության նախարարներ շատ հստակ անդրադարձել են դրան, կա Եվրոպական դատարանի նաև որոշում Թուրքիայի գործով, որտեղ այս հարցին անդրադարձել է, որ նախորդ կարգավիճակը եթե պետք է պահպանեն, թեպետ էնտեղ, եթե չեմ սխալվում, դատավորի թե պատգամավորին էր վերաբերվում, և 2005 թվականի Սահմանադրությամբ սահմանված անձեռնմխելիությունը Սահմանադրական դատարանի անդամի, դատավորի համար պահպանում են բոլոր այն անձինք, որոնք մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, այսինքն՝ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ունեին ամբողջական անձեռնմխելիություն:

Հարց․ — Ինչպե՞ս եք տեսնում ելքը, ո՞ր հանգուցալուծումը կլինի գոհացուցիչ, ո՞ր դեպքում:

Թովմասյան․ — Իմ համար չկա գոհացուցիչ, ոչ գոհացուցիչ: Ես, անկախ իմ զբաղեցրած պաշտոնից, ես ինձ համարում եմ էսպես, յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր պաշտոնյա ինքը շատ փոքր է երկրի առջև ծառացած խնդիրների, ազգի նպատակի, և այլի, և այլի համար: Այդ հանգուցալուծումը ինչպիսին կլինի՝ մի բանում եմ ես հետևողական լինելու, որ այդ հանգուցալուծումը պետք է լինի իրավական, այդ հանգուցալուծումը չպետք է լինի մեր իրավական անվտանգության ու սահմանադրականության հաշվին, այդ հանգուցալուծումը չպետք է լինի իմ խղճի դեմ, այդ հանգուցալուծումը չպետք է լինի գործարք:

Հարց․ — Կարծում եք՝ սա գործարքի առաջա՞րկ է ինչ-որ իմաստով:

Թովմասյան․ — Ասացի՝ չպետք է լինի, ես ոչինչ դրանից չավելացրեցի: