Search
Close this search box.

Կոռուպցիոն չարաշահումներ ջրօգտագործման ոլորտում. պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ Դատախազության մարզային ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել հանրապետության տարածքում գործող բազմաթիվ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների համակողմանի բացահայտման ուղղությամբ:

«ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործության գործերով վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում վերջիններիս իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, աշխատակիցների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի գումարներ վատնելու կամ յուրացնելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով 2018-2019 թթ. ընթացքում հարուցվել և ներկայումս քննվում է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ: Վերջիններիս վերաբերում են Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում գործող «Արարատ», «Արտաշատ», «Թալին», «Արագածոտն», «Կոտայք», «Լոռի», «Մարտունի», «Շենիկ», «Երևան», «Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-ներին:

Քրեական գործերով նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համադրված վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ տարիներ շարունակ գործել են ՋՕԸ-ների մասնակցությամբ ձևավորված չարաշահումների կոռուպցիոն սխեմաներ, որոնք դրսևորվել են ջրօգտագործման մատուցման ծառայությունների, մատակարարված ջրաքանակների, կրած վնասների վերաբերյալ տվյալների կեղծմամբ, պետական բյուջեից ստացված սուբսիդավորման գումարների յուրացմամբ: Մասնավորապես՝ որոշ դեպքերում 2016-2018թթ. ընթացքում ՋՕԸ-ի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խախտել են բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները, առանց ջրաչափեր տեղադրելու՝ մատակարարված ջրի ծավալները գրանցել են ոչ թե խորանարդ/մետրով, այլ՝ հեկտարներով:

Վերջինիս պատճառով բաժանորդները փաստացի զրկվել են մատակարարված ոռոգման ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից:

Բացի այդ՝ կատարվել են հավելագրումեր, որից հետո այդ տվյալները ներառել են էլեկտրոնային մատյաններում իբրև մատակարարված ջրի, ծառայությունների և բաժանորդներից գանձվող գումարային պարտքերի տվյալներ, փաստացի ուռճացվել մատուցված ծառայությունների ծավալները: Արհեստական այս եղանակներով գոյացած ջրօգտագործողների պարտքերը մարելու և կարկտահարումների հետևանքով առաջացած վնասները վերականգնելու համար 2016-2017թթ. ՀՀ բյուջեից սուբսիդավորված, ընկերությունների հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցները հաշվապահորեն ձևակերպվել են որպես բաժանորդների անվամբ կուտակված պարտքերի մարում: Առանձին դեպքերում կնքվել են վարձակալության և տարաբնույթ ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ ձևական պայմանագրեր, որոնցով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել:

Այս սխեմաները կիրառվել են ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրենց պարտականությունները ՀՀ ԷԵԲՊ նախարարության ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից ոչ պատշաճ կատարելու, իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու պայմաններում: Առանձին ՋՕԸ-ների պարագայում արձանագրվել են դեպքեր, երբ ՀՀ-ից քաղաքացիների բացակայելու պայմաններում, նրանց հետ կազմվել են կեղծ աշխատանքային պայմանագրեր, որոնց հիման վրա վերջիններս հրամանագրվել են որպես ջրբաշխներ: Իսկ նրանց փաստացի չկատարած աշխատանքի դիմաց դուրս գրված առանձնապես խոշոր չափերի գումարները յուրացվել են: Նշված չարաշահումների պատճառով նախաքննության ընթացքում կատարված նախնական հաշվարկով պետությանը պատճառված վնասը կազմել է ընդհանուր առմամբ շուրջ 5,7 միլիարդ դրամ:

Քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով իրականացվող քննչական և դատավարական գործողություններով միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց շրջանակներն ամբողջականացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատականներ տալու, չարաշահումներով պետությանը հասցված նյութական վնասի չափը հստակեցնելու և վերականգնելու ուղղությամբ:

«Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-ների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով, որով միայն նախնական հաշվարկված՝ պետությանը պատճառված վնասը գերազանցում է 1մլրդ ՀՀ դրամը, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել 2016-2017թթ. «Արմավիր» ՋՕԸ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցրած անձին: Նշված բնույթի հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերով նախաքննության ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում: