Search
Close this search box.

Սիրիայում 4 երեխա է զոհվել, 9-ը՝ ծանր վիրավորում ստացել, իսկ 70 հազար երեխա լքել իր տունը

Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող մարտերի ժամանակ 4 երեխա է զոհվել, 9-ը՝ վիրավորվել, իրենց տները պարտադրված է եղել լքել մոտ 70 հազար երեխա:

Այս մասին ասվում է Ժնեւում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորի կողմից հրապարակված հայտարարության մեջ:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունների հետեւանքով առնվազն 4 երեխա է զոհվել, 9-ը՝ վիրավորվել: Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայում սպանվել է 7 երեխա»,- նշել է Ֆորը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով՝ «Սիրիայի հյուսիս-արևելքում մարտերի սկսվելուց ի վեր մոտ 70 հազար երեխա տեղահանվել է»:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի հայտնած տվյալների՝ հոկտեմբերի 9-ից սկսած՝ ռազմական գործողությունների արդյունքում հարձակման է ենթարկվել եւ ավերվել 3 հիվանդանոց եւ 1 դպրոց: 170 հազար երեխա ունի մարդասիրական օգնության կարիք:

Վերջում Ֆորը հակամարտող կողմերին եւ բոլոր նրանց, ովքեր կարող են ռազմական գործողությունների ընթացքի կամ ավարտի վրա որեւէ ազդեցություն ունենալ, կոչ է արել պաշտպանել երեխաներին եւ քաղաքացիական հանրությանը: