Search
Close this search box.

Թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա. նախատեսվում է կազմակերպել նրանց տարհանումը

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ` Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Ղամիշլին, որտեղ նույնպես ազգությամբ հայ բնակիչներ կան, գնդակոծվում է: Մեր հյուպատոսին խնդրեցի զորակցությունս փոխանցել հայ համայնքին, և, առհասարակ, աղոթում եմ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների և մեր բարեկամ սիրիացի ժողովրդի համար»,- գրել է նա:

Հիշեցնենք, արդեն իսկ կան զոհեր եւ տասնյակ վիրավորներ Սիրիայի քրդական շրջանների խաղաղ բնակչության մեջ: