Search
Close this search box.

Դատախազությունը Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ուղարկել է ԱԱԾ

Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի՝ Livenews.am-ին տված հարցազրույցում տեղ գտած հանգամանքները ստուգելու նպատակով հարցազրույցի տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ։

Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հարցազրույցի տեսանյութը, որը հրապարակվել էր մամուլում, Գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ստուգելու նպատակով»,- «Փաստինֆո»-ին ասաց Գոռ Աբրահամյանը։

Հարցին, թե հարցազրույցի՝ մասնավորապես ո՞ր հայտարարություններն են մտահոգություններ առաջացրել՝ Գոռ Աբրահամյանը պատասխանեց.«Չեմ կարող ասել, իր ընդհանրության մեջ դա ստուգելու անհրաժեշտություն է տեսել գլխավոր դատախազությունը, այդ պատճառով ուղարկվել է ԱԱԾ»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էր անդրադարձել հարցազրույցին՝ նշելով, որ այդ հարցազրույցին պետք է գնահատական տան իրավապահ մարմինները։

Հարցազրույցում Վիտալի Բալասանյանը մտահոգություններ է հայտնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, անդրադարձել է 2018 թվականի ապրիլյան քաղաքական գործընթացներին՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել իշխանության բռնազավթում։ Բալասանյանը խոսել է նաեւ 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման դեպքերից եւ անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Սասնա Ծռեր»-ի ներկայացուցիչներ Գարեգին Չուգասզյանի ու Ժիրայր Սեֆիլյանի միջեւ վերջերս տեղի ունեցած հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Սասնա Ծռերի անդամները 2016 թվականի հուլիսի 17-ին զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա. «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարով հարվածելով՝ կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու կից պարիսպը, իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգների կիրառմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ներխուժել են գնդի տարածք և զավթածն ազատելու պայմանով պետությանը գործողություն կատարելուն հարկադրելու նպատակով զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները: Ըստ մեղադրանքի՝ նրանց այս գործողության նպատակն է եղել ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելը։

Զինված հարձակման հետեւանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Աղբյուր` Փաստինֆո