Search
Close this search box.

Փաշինյանի հետ հանդիպումը ուլտիմատիվ շեշտադրումներով է եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանում էր գտնվում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը: Մեր տեղեկություններով՝ այցն անսպասելի է եղել: Բելոզյորովը ժամանել է մեկ օրով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռուսական ընկերության խնդիրների շուրջ զրույց ունենալու նպատակով:

«Նախատեսված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո մենք կտարածենք մամուլի հաղորդագրություն»,- ասաց խոսնակը եւ տարածեց «հերթապահ» ձեւակերպումներով մի տեքստ:

Ըստ դրա՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին եւ դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: «Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման եւ ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը եւ Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաեւ Սեւ ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցության հնարավորությունների շուրջ»,- ասված է նյութում:

Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ խոսք է գնացել սահմանային, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը եւ ռուսական երկաթգծի եկամուտներն ավելացնելու մասին, սակայն Բելոզյորովի բուն անհանգստությունը կապված է «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վերաբերյալ հարուցված քրեական գործի ընթացքի հետ:

Նրա այցի նպատակը, կարելի է ասել, հարաբերությունները պարզելն է եղել: Ռուսական կողմին մասնավորապես դուր չի եկել այն, որ Գլխավոր դատախազությունը նոր հաղորդումներ է ստացել «Հարավկովկասյաեւ երկաթուղու» տնօրեն Սերգեյ Վալկոյի, երկաթուղու անվտանգության պետ, ԱԱԾ գեներալ Դարբինյանի եւ այլ նախկին ԱԱԾ-ականների դեմ:

Չի բացառվում, որ հենց այս հանդիպման ընթացքում է վերջնականապես որոշվել այն հարցը, թե արդյոք ռուսական ընկերությունը շարունակելու է գործունեությունը Հայաստանում: Այս իմաստով զրույցը Բելոզյորովի ու Փաշինյանի միջեւ ուլտիմատիվ շեշտադրումներով է եղել՝ կա´մ թողնում եք, որ ռուսական ընկերությունը ներդրումներ անի ու աշխատի, կա´մ ռուսները հրաժարվում են հավատարմագրային կառավարումից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում