Search
Close this search box.

«Եկել եք, Ջոկոնդայի ժպիտով նստել եք». Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 8-ի նիստում բանավիճեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն ու ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Թ. Ղազարյանն իր ելույթում նշեց, որ հանձնաժողովները պետք է առավել նախաձեռնողական լինեն համատեղ աշխատանքում: Ն. Զոհրաբյանը դրան սուր արձագանքեց: Նա ասաց, որ ժամանակին հանդես է եկել բռնության ենթարկված կանանց վերաբերյալ քննարկում կազմակերպելու, օրակարգ ներկայացնելու նախաձեռնությամբ, սակայն մինչ այժմ որևէ փաստաթուղթ չի դրվել սեղանին: Ըստ Ն. Զոհրաբյանի՝ ինքը նախաձեռնող է, աշխատանք է կատարում, այլ հարց է, որ դրա մասին «Ֆեյսբուքում չի ճպպացնում»:

«Ես ուղղակի թույլ չեմ տա իմ գործունեության հանդեպ արդարության սահմանն անցնել: Որևէ անգամ օրակարգ չեք ներկայացրել: Եկել եք, նստել եք, Ջոկոնդայի ժպիտով քվեարկել կամ չեք քվերարկել, գնացել եք»,- ասաց նա:

Դրան ի պատասխան՝ Թագուհի Ղազարյանն առաջարկեց հետո լսել իր խոսքի ձայնագրությունները: