Search
Close this search box.

Քոչարյանի դատի ժամանակ հավաքի մասնակցին ծեծելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել. բազմաբեկոր, տեղաշարժված կոտրվածքներ

ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ վիճաբանության ժամանակ քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1979թ., վիճաբանության է բռնվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ հավաքի մասնակիցներից մեկի հետ՝ ծնված 1967թ., որի ժամանակ դիտավորությամբ ոտքով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ աջ սրունքի զույգ ոսկրերի վերին երրորդականի ներհոդային, փակ, բազմաբեկոր, տեղաշարժված կոտրվածքների ձեւով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ խոսքը վերաբերում է Քոչարյանի գործով դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին: Հարվածողը եղել է Քոչարյանի աջակիցներից: