Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձվեր՝ Անժելա Թովմասյանի ղեկավարած «Հայելի» մամուլի ակումբի վրա. Ոստիկանության արձագանքը

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ ոստիկանությունն ուսումնասիրում է հրապարակված նյութը, իրականացվում են ստուգողական աշխատանքներ:

Ավելի վաղ հայտնել էինք «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման մասին:

«Տեղի ունեցածն անթույլատրելի եմ համարում՝ ԶԼ կոնկրետ միջոցի հանդեպ վերաբերմունքի տեսական հոգեբանական հիմնավորվածությունից անկախ: Ցավում եմ այս դեպքի համար»,- սոցկայքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը:

Ակումբի հիմնադիր և Hayeli.am կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը հայտնել է, որ այս պահին երկրում չէ. վերադառնալուն պես՝ կարձագանքի. «Կատարվածն այլանդակ ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ՝ իմ ընդդիմադիր կեցվածքի պատճառով»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Թովմասյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս անդրադարձել է տեղի ունեցածին. «Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։

Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացրել «Հայելի» մամուլի ակումբի մոտ՝ դռներին ու պատերին պաստառներ փակցնելով, ակումբի վրա ձվեր նետելով։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ պահանջում են փակել լրատվամիջոցը։ Ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ «Հրայր Թովմասյանի քույրը՝ Անժելա Թովմասյանն իրավունք չունի գործունեություն ծավալելու ՀՀ-ում»,- ասացին նրանք: