Search
Close this search box.

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հրաժարական տալու մասին

«Ես հրաժարական չեմ տալու, աշխատել եմ ու շարունակելու եմ աշխատել». հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Հիշեցենք, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ոստիկանապետ Վալերյ Օսիպյանի հրաժարականից հետո, որպես առաջիկայում հրաժարական տվող պաշտոնյաների անունների շարքում նշվում էր նաև Ֆ. Ցոլակյանի անունը: ԱԻ նախարարը հրաժարվեց մեկնաբանել Ա. Վանեցյանի՝ հրաժարականի առիթով արված հայտարարությունը: Նա ասաց, որ որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանելու ցանկություն չունի, մեկնաբանում է միայն իր հայտարարարությունները:

«Երկրորդը. մեկ խորհուրդ՝ Ազգային անվտանգությունն ու բանակն այն տեղերն են, որոնց հետ կապված դուք էլ աշխատեք քիչ խոսել: Սա վնաս է մեր պետությանն ու երկրին: Դրանք այն բնագավառներն են, որտեղ ամեն մի խոսքը, ամեն մի անզգույշ արտահայտությունը հետևանք է ունենալու»,- ընգծեց նախարարը:

Ֆ. Ցոլակյանը հրաժարվեց նաև մեկնաբանել ԱԱԾ պետի ու ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը:

«Ես այդ մասին մի անգամ խոսել եմ, կարող եք վերցնել, նայել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարն ասել էր, որ ԱԱԾ-ում ու ոստիկանությունում պետք է աշխատեն այդ համակարգերում գոնե որոշակի փորձ ունեցող մարդիկ։ Այդ կառույցների ղեկավարների պաշտոններում 25-ամյա քաղաքական գործիչների նշանակումը համակարգի նախկին փորձառու ծառայողի համար անընդունելի է։ Ծառայության փորձ չունեցող անձանց համար այդ համակարգում դժվար կլինի կողմնորոշվելը։