Search
Close this search box.

Ծանր մարմնական վնասվածք ստացած ՀՀ ՊՆ զորամասի սպան բացել է աչքերը

Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ծանր վնասվածքներ ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանն այսօր բացել է աչքերը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Նա ասաց, որ այսօր առավոտյան այցելել է Մխիթարյանին, վիճակը դեռեւս մնում է ծայրահեղ ծանր. «Որոշակի դեղամիջոց կար, որ կիրառվում էր իրեն խորը քնի մեջ պահելու համար, այն արդեն մոտ 20 ժամ է, ինչ անջատված է: Նա դեռեւս միացված է արհեստական շնչառական սարքին, բայց սարքը չի թելադրում, այլ ինքն է թելադրում սարքին իր շնչելու հնարավորությունները, սարքն ուղղակի օգնում է:

Ցավային ռեֆլեքսները որոշակիորեն վերականգնվել են: Այսօր աչքերը բացել է: Շատ խորը տրավմայի է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավական դրական դինամիկա ունի, վերականգնվում է: Մյուս կիսագնդում ունենք մի քիչ խնդիրներ։ Այսօր մեր բժիշկների պնդմամբ, հնարավոր է, որ վերականգնելու պարագայում ձախ կողմը չվերականգնվի։ Հույս ունենք, որ մարմնի աջ մասը կվերականգնվի»։